«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում այսօր՝ օգոստոսի 3-ին, Դիլիջանում մեկնարկեցին «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցումները։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շարային հրապարակում հավաքվել էին մրցումների մասնակիցները, արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարներ, մասնակից երկրների զինվորական կցորդները։
Մրցումների բացման հանդիսավոր արարողության ընթացքում տարբեր երկրների թիմեր երթով անցան հրապարակով, այնուհետև կայացավ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների կոլեկտիվների համերգը։
Հայկական նվագախումբը «Մարտի են գնում միայն ծերունիները» հայտնի ֆիլմի «Смуглянка» երգից բացի, կատարեց նաև «Պեսնյառի» բելառուսական համույթի «Березовый сок» երգը, ինչպես նաև իրանական, հունական և ղազախական երգեր։
Ելույթն ավարտվեց «Մեր անունն է հայկական բանակ» երգով։
Հիշեցնենք, որ «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մրցումների մասնակիցներն ուժերը կչափեն ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:Մրցումների վերջին օրը օգոստոսի 15-ն է:
Ուսադիրներ ու անվանական դաշույն. ՀՀ ԶՈւ սպաների համար նոր կյանք սկսվեց. ֆոտոշարք