Զինդատախազությունը պետությանը պատճառած մոտ 9.7 մլրդ դրամի վնաս է բացահայտել

Այս տարվա բացահայտումները 37 անգամ շատ են նախորդ տարվա ցուցանիշներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Պետական շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ զինվորական դատախազության իրականացրած աշխատանքի արդյունքում բացահայտվել է պետությանը պատճառած մոտ 9.7 մլրդ դրամի վնաս։ Այս մասին հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը` ներկայացնելով 2019թ․առաջին կիսամյակի ընթացքում իրականացրած աշխատանքների արդյունքները։

Գեղարքունիքում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը եռակի ավելացել է

«Նշանակալի արդյունքներ են արձանագրվել հատկապես պետական շահերի պաշտպանության գործառույթից բխող դատախազական գործիքակազմի կիրառմամբ զինված ուժերում պետությանը պատճառված վնասի բացահայտման և վերականգնման ոլորտում: Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 9 մլրդ 752 մլն ՀՀ դրամ։ Համեմատության համար նշենք, որ 2018թ. առաջին կիսամյակում զինված ուժերում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթների շրջանակում բացահայտված վնասի չափը կազմել է մոտ 264 մլն դրամ, այսինքն այս տարվա արդյունքներից մոտ 37 անգամ պակաս»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշված ժամանակահատվածում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժինն ու կայազորների զինվորական դատախազություններն իրականացրել են 188 ուսումնասիրություն, որը քանակական առումով 20-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները։ Ուսումնասիրություններից 102-ի դեպքում հայտնաբերվել են խախտումներ, որոնց վերացման կամ իրավական գնահատական տալու ուղղությամբ ձեռնարկվել են դատախազական ներգործության կոնկրետ համապատասխան միջոցներ: Մասնավորապես՝ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով հարուցվել է 20 քրեական գործ։

ԱԱԾ–ն բացահայտել է անօրինական միգրացիայով զբաղվող հանցավոր խմբերի. կան ձերբակալվածներ

2019թ. առաջին կիսամյակում վերականգնվել է պետությանը պատճառված 321.4 մլն ՀՀ դրամ վնաս, այն դեպքում, երբ 2018թ. նույն ժամանակահատվածում վերականգնման ցուցանիշը կազմել է 60.8 մլն դրամ կամ 5.2 անգամ պակաս:

Հատկանշական է, որ այս տարվա ընթացքում վնասի գրեթե ողջ վերականգնումն իրականացվել է պետական շահերին հասցված վնասը կամովին հատուցելու մասին տրված 12 նախազգուշացումների արդյունքում, և դատախազական ներգործության այլ միջոցների կիրառման անհրաժեշտություն չի առաջացել։ Պետությանը պատճառված չվերականգնված վնասների գերակշռող մասի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն։

ԱԱԾ նոր բացահայտումը. պետական պաշտոնյաներ են ձերբակալվել. տեսանյութ