Որտե՞ղ էին աղտոտվում արագիլները. տարածքը հայտնաբերել են, փնտրվում է «բարբարոսը»

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մաքրում է Հրազդան գետի մեջ կուտակված յուղը։ Յուղոտված վերջին արագիլին այստեղ փրկել են երկու օր առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գտել է  Արարատի մարզի արագիլների աղտոտման հավանական աղբյուրը։ Այս մասին նշված է տեսչության Facebook-յան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Արարատի մարզում արագիլներն աղետալի վիճակում են. մեղավորներին փնտրում են

«Այս պահին իրականացվում են ՀՀ Արարատի մարզի Սիս և Նորամարգ համայնքների վարչական տարածքների խաչմերուկում գտնվող, Հրազդան գետի աջափնյա կոլեկտրում պարենային յուղի հաստ շերտով պատված կեղտաջրերի մաքրման աշխատանքներ»,– հայտնում են տեսչությունից։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Բադալյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ մաքրվում է ոչ միայն գետը, այլև ափերը, քանի որ յուղոտ զանգվածը ոչ միայն ջրի վրա է, այլև ափամերձ տարածքներում։

«Մենք որոշեցինք գոնե հնարավորինս այդ յուղը ջրի միջից ու ափերից մաքրել, որպեսզի հետագա վտանգից զերծ մնանք, չգա նորից կուտակվի,–այդ հատվածում առկա էր յուղի կուտակում` աչքով տեսանելի։ Ես այդ յուղից նմուշներ եմ վերցրել, ուղարկել եմ լաբորատոր փորձաքննության։  Այդ յուղը թե՛ իր գույնով, թե՛ հոտով լրիվ համապատասխանում է այն նյութին, որ քսված էր արագիլների վրա»,-ասաց Բադալյանը:

Աղտոտված արագիլները սովի են մատնված. նրանք չեն կարողանում թռչել ու իրենց վրա ցեխ են քսում

Արթուր Բադալյանը հայտնեց նաև, որ թեև աղտոտման վայրը հայտնի է, բայց աղտոտողին հայտնաբերել դեռ չի հաջողվել։ Կան վարկածներ, բայց տեսչական մարմինը ձեռնպահ է մնում դրանք հրապարակելուց` հետագա բացահայտումներին չխոչընդոտելու համար։

Տեսչական մարմինը նյութեր է նախապատրաստում, որ կցի  քրեական գործ հարուցելու վերաբերյալ դիմումին:

«Տեսչական մարմինն անում է ամեն ինչ, անձամբ ես՝ ինքս ինձ չեմ ներելու, եթե այդ բարբարոսին չհայտնաբերեմ»,– ասաց Արթուր Բադալյանը։

Ի դեպ, տեսչական մարմնի պետի պաշտոնակատարը նաև հայտնեց, որ արագիլների աղտոտման վերջին դեպքն այս տարածքում գրանցվել է 2 օր առաջ։ Տեսուչներն այսօր մաքրվող տեղանքից շուրջ 100 մետր հեռու գետի ջրում հայտնաբերել են յուղոտված արագիլի, որն ի վիճակի չի եղել թռչել։

Հովտաշենի արագիլներն այլևս սոված չեն, բայց նրանց ձագերը կարող են սատկած լինել

Մեր զրուցակցի խոսքով՝ եթե տեսուչները նրան շուտ չնկատեին, արագիլը կարող էր սատկել։

Տուժած արագիլը տեղափոխվել է Հովտաշեն գյուղ, որտեղ աղտոտված արագիլների համար ստեղծվել են կերակրման հատուկ պայմաններ։

«Այսօր նայել ենք, շատ լավ ուտում է, վերահսկողության տակ է, ամեն ինչ նորմալ է»,-հայտնեց նա։

Ի դեպ,  Արթուր Բադալյանը նաև հայտնեց, որ, քանի որ աղտոտման վայրը հայտնաբերվել ու արդեն մաքրվել է, իրենք որոշել են առաջիկա կիրակի օրը լողացնել Հովտաշեն համայնքում պահվող բոլոր աղտոտված արագիլներին` նրանց դարձյալ իրենց բնականոն կյանք վերադարձնելու համար։

Հովտաշենի արագիլներին ազատել են կեղտից. լուսանկարներ