«Ռիսկի դիմել չեն կամենում». ստամբուլահայերը Համահայկական խաղերին չեն մասնակցի

Թուրքիայի դիրքորոշումը պարզ է: Ստամբուլահայ մարզիկների մասնակցությունը Համահայկական խաղերին կարող է չհամընկնել իրենց համայնքի քաղաքացիական իրավունքների և պատասխանատվության հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ստամբուլահայ մարզիկների խումբն այս տարի չի մասնակցի Համահայկական խաղերին,  որոնք անցկացվելու են Արցախում։ Ինչպես գրում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Համահայկական խաղերի Ստամբուլի կարգադիր հանձնախմբի ատենապետ Հայկարամ Քարասուն։

Համահայկական խաղերին մի քանի երկիր մասնակիցների աննախադեպ մեծ թվով են ներկայանալու

Հայկարամ Քարասուի խոսքով՝ չմասնակցելու գլխավոր պատճառը համահայկական խաղերի անցկացման վայրն է: Քաջատեղյակ լինելով Թուրքիայի դիրքորոշմանը արցախյան հողերի նկատմամբ, ատենախմբի անդամները ավելորդ ռիսկի դիմել չեն ցանկանում։

« Թուրքիայի դիրքորոշումը հստակ է տարածաշրջանի խնդիրների նկատմամբ և Ստամբուլի կարգադիր հանձնախմբի անդամները համոզված են, որ Արցախում կազմակերպված համահայկական խաղերը և ստամբուլահայ մարզիկների մասնակցությունն այդ խաղերին կարող է չհամընկնել իրենց համայնքի քաղաքացիական իրավունքների և պատասխանատվության հետ»,– գրում է օրաթերթը։

Նշենք, որ այս տարի Համահայկական խաղերի 20-ամյակն է, և այն տեղի է ունենալու օգօոստոսի 5–17 ընկած ժամանակահատվածում: Այս խաղերը Հայաստանի Հանրապետություն–Արցախ–Սփյուռք եռամիասնության խորհրդով՝ թվով 7–րդն են։

Համահայկական խաղերի բացումը տեղի կունենա օգոստոսի 6–ին` Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում, փակումը՝ օգոստոսի 17–ին` Երևանի Ազատության հրապարակում։ Խաղերի կարգախոսն է` «Միասնություն` սպորտով»։

Չաուշի գերեզման, Մուշ, Անի, Կարս. Համահայկական խաղերի ջահը շրջում է հինավուրց քաղաքներով