ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik, Արմեն Հակոբյան. Քաղաքականության մեջ ոչինչ ու երբեք բացառել պետք չէ: Առավել ևս, եթե խոսքը մեր երկրի ներքաղաքական անցուդարձի մասին է: Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Կարեն Քոչարյանն էլ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե կա՞ն օբյեկտիվ նախադրյալներ աշնանն ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիոն դրսևորումներ ակնկալելու համար, նկատեց, որ ընդդիմությունը կոնսոլիդացիան երբեք չի բացառում, և դա նորմալ գործընթաց է: «Հատկապես հետհեղափոխական շրջանում ընդդիմադիր դաշտում օբյեկտիվորեն ստեղծվում է վակուում, որը կամաց-կամաց պետք է լրացվի: Ո՞վ կլրացնի, ինչպե՞ս, կլինի դա ինչ-որ մեկ ուժ, թե՞ կլինի ուժերի միավորում`ժամանակը ցույց կտա»,-նշում է քաղտեխնոլոգը։
Կարեն Քոչարյանի տպավորությամբ` այսօրվա իշխանությանը ձեռնտու է, որ իրենց ընդդիմությունը լինեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Որովհետև այդ դեպքում այդ ընդդիմությունը շանս չի ունենալու: «Անկախ ամեն ինչից, ինչքան էլ վատ լինի, դեռ այդքան վատ չէ, որպեսզի մոռացվի հինը»,–ընդգծում է նա:
Բայց մյուս կողմից, ինչպես նշում է Կարեն Քոչարյանը, եթե լինեն նոր ուժեր, որոնց մասին գրեն, թե նրանք կապ ունեն Ռոբերտ Քոչարյանի կամ, ասենք, Սերժ Սարգսյանի հետ, ապա այդ թեզը չի աշխատի այնպես, ինչպես, եթե Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը իրոք հանդես գան որպես ընդդիմադիր լիդեր: Այդ ընդդիմության ետևից, քաղտեխնոլոգի կարծիքով, հասարակության լայն զանգվածներ չեն գնա:
Գալով ընդդիմության կոնսոլիդացիային` Կարեն Քոչարյանը նկատեց, որ մեր քաղաքական գործիչների էգոն և նարցիսիզմի աստիճանը շատ բարձր են: Այլ կերպ ասած, տարբեր ուժերի առաջնորդների անձնական հավակնությունները, որպես կանոն, խոչընդոտում են կոնսոլիդացիոն գործընթացներին կամ արդյունավետ միավորումներ կազմելուն:
Ո՞ւմ էր ուղղված Արմեն Սարգսյանի ուղերձը. նախագահը չի ուզում վատնել քաղաքական կապիտալը
«Սակայն, եթե գան նոր տիպի քաղաքական գործիչներ և կուսակցություններ, ինչու ոչ` նաև ավանդական կուսակցությունները, նույն ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն փորձեն ներկայանալ նոր, ավելի թարմ դեմքերով, իրենք ավելի մեծ շանսեր կունենան, քան եթե որևէ հին քաղաքական գործիչ փորձի խառնվել այդ պրոցեսի մեջ»,-նշում է Կարեն Քոչարյանը:
Նրա խոսքով՝ վերջին 20-25 տարիներին եղած առաջին պլանի գործիչները չեն ընկալվելու այսուհետ, ու նման մղումներ միայն Հայաստանում չէ, որ դիտարկվում են: Մեր զրուցակցի կարծիքով, օրինակ, Եվրոպայում շուտով կսկսվի յուրօրինակ «շքերթ», որի ընթացքում ավելի լիբերալ ուժերը կսկսեն պարտվել ավանդական, միգուցե պահպանողական ուժերին, որոնք սակայն ներկայացված են լրիվ նոր, թարմ դեմքերով:
Վերադառնանք սակայն մեր անցուդարձին: Կարո՞ղ են ընդդիմադիր դաշտում հնարավոր համախմբման խթանիչ լինել դատական համակարգի շուրջ վերջին զարգացումներն ու հարուցված խնդիրները: Մանավանդ, որ օրերս արձանագրվեց քաղաքական փաստ, երբ ուղղվածությամբ բավականին տարբեր 7 ուժեր համատեղ հայտարարությամբ հանդես եկան։
«Ամեն ինչն էլ կարող է կատալիզատոր լինել: Բայց առաջին հերթին, կարծում եմ, դա լինելու է Ստամբուլյան կոնվենցիան, որի հետ կապված արդեն բավականին թեժ զարգացումներ են ծավալվում: Դրա հետ կապված խնդիրներ կան նաև հենց «Իմ քայլի» ներսում, ինչը փաստացի արդեն երևում է:
Մյուս կողմից, գոնե այսօր չեն երևում այլ սուր խնդիրներ, որոնք կարող են կոնսոլիդացնել»,-նշում է Կարեն Քոչարյանը:
Թե ինչ կլինի սեպտեմբերին, ինչ խնդիրներ ի հայտ կգան, իհարկե, դեռ վաղ է խոսել: Մեր զրուցակցի խոսքով, կա նաև սոցիալ-տնտեսական վիճակի մշտական գործոնը, բայց այն ավելի շատ ոչ թե աշնանը, այլ գարնանն է զգացնել տալիս: Համենայն դեպս, այս պահին հենց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացնել-չվավերացնելու հարցադրման շուրջ կարող են որոշակի զարգացումներ դիտարկվել:
Մեր կողմից նկատենք, որ սկզբունքորեն, ընդդիմադիր դաշտում համախմբմանը կարող են նպաստել նաև իշխանության հնարավոր վրիպումները: Ողջ հարցն այն է, թե իշխանության մեջ չմտած ինչպես խորհրդարանական, այնպես էլ ու հատկապես՝ արտախորհրդարանական ուժերը որքան համակարգված կարձագանքեն կամ համաձայնեցված հանդես կգան: Ինչ վերաբերում է «հին դեմքերի» խնդրին, ապա հասարակության ներսում երեկ ու այսօր տիրապետող տրամադրությունները նաև փոխվելու հատկություն ունեն: Հայաստանի պատմության վերջին 30 տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ ականատես ենք եղել երևույթի, երբ հասարակությունը կամ առնվազն հանրության մի նկատելի մասը տաս տարի անց ծափահարում է գործչի, ում տաս տարի առաջ սուլում էր կամ մերժում:
«Այս իշխանությունը երկար չի դիմանա». Քոչարյանն ԱԺ արտահերթ ընտրություններ է կանխատեսում
Ինչ վերաբերում է առաջիկա հավանական զարգացումներին, ապա թարմ դեմքեր կան և դեռ նորերն էլ, անկասկած, ասպարեզ ելնելու են: Իսկ լայն զանգվածների ոտքի հանող հարցեր միշտ էլ կգտնվեն, հարց բարձրացնող լինի: