Դիլիջանում տնօրենի աշխատասենյակում հայտնված քոթոթն իրեն շատ լավ է զգում. նոր մանրամասներ

Դիլիջան քաղաքի բնակիչներն են քոթոթին տեսել և ահազանգել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Արջի քոթոթը հայտնվել է «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Սուրեն Աղաջանյանի աշխատասենյակում: Հումորային լուսանկարը Facebook սոցիալական ցանցում ակտիվորեն տարածվում է:

Sputnik Արմենիայի թղթակիցը զավեշտալի դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ է պարզել:

«Դիլիջան քաղաքի բնակիչներն են քոթոթին տեսել և ահազանգել: Քոթոթը տեղափոխվեց մեզ մոտ, սակայն մի քանի ժամ վանդակում մնալուց հետո  անհանգիստ էր, ուստի նրան տեղափոխեցինք   Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման  կենտրոնի անտառի տարածք»,- ասաց «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականը:

Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման  կենտրոնի տնօրեն Թաթուլ Թովմասյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այս պահին քոթոթը իրենց մոտ է և իրեն շատ լավ է զգում:

«Ախորժակով ուտում է, խմում, հետո էլ խաղում է, շատ հանգիստ է, նյարդային ոչինչ չի անում: Քոթոթը կմնա այստեղ այնքան ժամանակ, մինչև Ազգային պարկը որոշում կայացնի նրա ճակատագրի վերաբերյալ»,-ասաց Թովմասյանը:

Հիշեցնենք, որ երեկ Դիլիջան քաղաքի հյուրանոցներից մեկի բակում տեղացիները փոքրիկ արջի քոթոթի էին տեսել։  Արջուկի ճակատագրով մտահոգ Դիլիջանի բնակիչ Նարինե Բալդրյանը զանգահարել էր «Դիլիջան» ազգային պարկ և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Հյուրանոցի տերն իր մեքենայով քոթոթին տեղաթփոխել էր  «Դիլիջան» ազգային պարկ: