Բացառիկ ցուցադրություն. կներկայացվի Չարենցի` երբևէ չցուցադրված արևելյան սպասքը

Չարենցը բացառիկ ճաշակ ուներ, ինչպես նաև սեր` Արևելքի հանդեպ։ Արևելքի հետ Չարենցի կապը զգացվում է ինչպես նրա ստեղծագործությունների, այնպես էլ` կենցաղի մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Պարսկական ծխամորճ, չինական թութունաման, ճապոնական բաժակներ և սկուտեղ. օգոստոսի 2-ին ժամը 14:00-ին հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կներկայացվեն նրա բացառիկ, երբևէ չցուցադրված իրերը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Չարենցի թոռնուհին` Գոհար Չարենցը։

Չարենց և Արփենիկ. մի սիրո պատմություն

«Կցուցադրվեն Չարենցի տուն-թանգարանում պահպանված կենցաղային իրերը, սպասքը: Չարենցը բացառիկ ճաշակ ուներ և իր սպասքը գնում էր Մոսկվայի, Լենինգրադի, Թիֆլիսի խանութներից։ Նա սիրում էր իրեն շրջապատել գեղեցիկ իրերով։ Վաղը կցուցադրվի գրողի չինական, ճապոնական, իրանական սպասքը»,–ասաց տիկին Չարենցը։

Նա հիշեցրեց, որ Չարենցը ծնվել է Կարսում, չնայած երկար ժամանակ կարծում էին, որ նա Իրանի Մակու քաղաքից է (Մակուն նրա ծնողների հայրենիքն էր)։ Ու Արևելքը, ըստ Չարենցի թոռնուհու, կարծես գրողի հոգու հայրենիքն էր, և Արևելքի ազդեցությունը գերիշխում է թե՛ Չարենցի կենցաղում, թե՛ ստեղծագործություններում։

Գոհար Չարենցի խոսքով` կենցաղում գրողը սիրում էր իրեն շրջապատել արևելյան իրերով։ Նրա մեմորիալ բնակարանում Արևելքն ու Արևմուտքը մեկտեղվում են` ամերիկյան գրամեքենայի կողքին հնդկական Բուդդան է, գերմանական դաշնամուրի կողքին` չինական պահարանը։

«Արքայական» ցուցադրություն Երևանում. ինչպես էր հագնվում հայ վերնախավը

Մինչև օգոստոսի 12–ը տևող ցուցադրության ժամանակ այցելուներին կներկայացվեն Չարենցի չինական թասերը, որոնց մեջ գրվածքներ կան` «Սեր», «Խաղաղություն»...

Բացի այդ, կցուցադրվի Չարենցի արևելյան թասակը, որով նա սիրում էր լուսանկարվել։

«Չարենցը սիրում էր ընկերների հետ կոնյակ խմել. ցուցադրվի նաև նրա կոնյակի բաժակները, կոնյակի շշերից մեկը, ինչպես նաև` պարսկական մի գորգ։Ցուցադրվող գորգը բավական թանկ է Չարենցի համար, քանի որ այն հորից մնացած ժառանգություն է (նրա հայրը գորգավաճառ էր և գորգերի փոքրիկ խանութ ուներ)»,–ասաց Գոհար Չարենցը։

Նրա խոսքով` ներկայացվելիք ցուցադրության մեջ որոշ իրեր արդեն իսկ ցուցադրվել են, սակայն դրանց մեծ մասը երբևէ չի ցուցադրվել։