Ղազախստանում որոշել են օրինականացնել Հայաստանից մեքենա ձեռք բերելը

Օրինականացումը թույլ կտա լուծել մի շարք խնդիրներ` ազատելով Ղազախստանի ոստիկանությանը ավելորդ գլխացավանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Ղազախստանում որոշել են օրինականացնել Հայաստանից ավտոմեքենա գնելը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման փոխնախարար Ամանիյազ Երժանովը, հայտնում է Sputnik Ղազախստանը։

Նրա խոսքով` Հայաստանից գնված արտասահմանյան ավտոմեքենաների ներկրումն օրինականացնելը թույլ կտա լուծել մի շարք խնդիրներ, որոնց բախվում է Ղազախստանի ճանապարհային ոստիկանությունը։

Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների թիվն ավելի է մեծանալու. ի՞նչ է առաջարկում ՊԵԿ–ը

ԱՄՆ–ից ներկրված արտասահմանյան մեքենաներ ձեռք բերելու համար ղազախները ժամանակավոր կացության փաստաթղթեր են ձևակերպում և գնում այդ մեքենաները որպես արդեն ՀՀ քաղաքացի` այսինքն` լրացուցիչ հարկեր չվճարելով։

Այդ ավտոմեքենաները Ղազախստան են ներկրվում հայկական պետհամարանիշերով։ Այդպես ավտոմեքենան կրկնակի էժան է ձեռք բերվում։

Ամանիյազ Երժանովը գտել է այդ խնդրի լուծումը։ Նա առաջարկել է օրինականացնել ղազախների համար Հայաստանից ավտոմեքենաների ձեռք բերումը, ինչը թույլ կտա նրանց Հայաստանում ժամանակավոր կացություն չձևակերպել։

Երժանովը ասել է, որ ոստիկանությունը չի կարող պատասխանատվության ենթարկել նման վարորդներին։

Ավտոմեքենա ներկրողների ու մաքսայինի մշտական վեճը. ասա՝ ինչ արժե մեքենադ, ասեմ` ով ես դու

«Հայկական պետհամարանիշներով ավտոմեքենայի սեփականատերերը հիմա կարողանում են գերազանցել արագությունը, խախտել ճանապարհային երթևեկության կանոնները և դրա համար որևէ պատասխանատվություն չկրել։ Տուգանքները չեն վճարում, դատական պատասխանատվության չեն ենթարկվում», – հայտնել է փոխնախարարը։

Երժանովը նաև նշել է, որ Ղազախստանի տարածքում արտասահմանյան մեքենաների քանակի աճը կարող է վատ անդրադառնալ տեղի ավտոարդյունաբերության վրա։

Ղեկավարների կամայականությունը ցմահ է, կամ ավտոմաքսատան «կամավոր-պարտադիր» ազատվածները

Ամենապահանջված ավտոմեքենաները, որոնք Հայաստանից ներկրում են ղազախները Mercedes–ն ու Chevrolet–ն է։

Հայաստանից տարվող ավտոմեքենաների նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է ԵԱՏՄ մյուս երկրների համեմատ ներկրման ավելի ցածր տուրքերով, ինչի շնորհիվ դրանք ավելի մատչելի են։

Սակայն արդեն 2020թ.–ից տուրքը ներկա 10 տոկոսի փոխարեն կբարձրանա մինչև 30-50 տոկոս, և այդ հանգամանքը դրդում է ԵԱՏՄ երկրների վարորդներին (ավելի հաճախ՝ ղազախստանցի) գնումներ կատարել հիմա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ արտասահմանյան ավտոմեքենաների մեծ հոսքի պատճառով Ղազախստանի կառավարությունը ցանկություն է հայտնել կարգավորել արտասահմանյան պետհամարանիշերով ավտոմեքենաների հարցը և այդ ոլորտը վերահսկողության տակ վերցնել։

Ավտոմեքենաների ծառայությունների ոլորտի փորձագետ Եվգենի Կուբեկովը հայտարարել է, որ նման մեքենաներ օգտագործում են քրեական աշխարհի ներկայացուցիչները և նույնիսկ ՃՏՊ–ի դեպքում, չեն կարողանում բացահայտել, թե ով է այն իրականացրել։ Նա նաև նշել է, որ շուտով արտասահմանյան պետհամարանիշերով բոլոր ավտոմեքենաների սեփականատերերը պարտավոր կլինեն երկու շաբաթվա ընթացքում գրանցել դրանք` Ղազախստանի տարածքում վարելու թույլտվություն ստանալու համար։