Ոստիկանները հայտնաբերել են «Եռաբլուրում» շիրմաքարերին մոմ թափած անձին. տեսանյութ

Կինը վստահեցրել է, որ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։
Sputnik

«Եռաբլուրում» ապրիլյան քառօրյայի մասնակից տղաների գերեզմանները պղծելու դեպքի առթիվ ոստիկանությունը մի կնոջ է բերման ենթարկել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Աշտարակի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ Աշտարակի գերեզմաններում մի կին տարօրինակ վարքագիծ է դրսևորում և ինչ-որ գործողություններ կատարում շիրմաքարերի մոտ։ Երևանի բնակիչ, 51-ամյա կնոջ հայտնածով՝ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կինը հայտնել է նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։ Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հիշեցնենք` համացանցի հայկական տիրույթում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, որ «Եռաբլուրում» Ապրիլյան քառօրյայի հերոսներից մի քանիսի գերեզմանների վրա ինչ–որ անհասկանալի հեղուկ է լցրած։ Օգտատերերը շտապել են այս երևույթը «վանդալիզմի ակտ», «բարբարոսություն», «պղծում» որակել։ ՊՆ-ն միջոցառումներ է իրականացնում բացահայտելու համար անձանց, որոնք անհասկանալի նյութ են լցրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հերոսների շիրմաքարերին։