Ռեկտորի պաշտոնակատարի գրագողության տրցակն ուղարկել ենք ԲՈՀ. ՀՊՏՀ դասախոսներ

Առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել ՀՊՏՀ 24 դասախոսների հայցադիմումն ընդդեմ նույն ԲՈՒՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի:
Sputnik

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Արմեն Կարախանյանը և նույն ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Գագիկ Ասլանյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել են վերոհիշյալ ԲՈՒՀ-ում առկա լարված իրավիճակին ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի գործունեության վիճահարույց կողմերին:

Կոլապս Տնտեսագիտական համալսարանում. դասախոսները ռեկտորին մեղադրում են գրագողության մեջ

Արմեն Կարախանյանի համոզմամբ՝ ՀՊՏՀ գիտամանկավարժական կազմի ընտրության կանոնակարգը հակաօրինական է և ոչ մի աղերս չունի օրենսդրության հետ: «Այստեղ խախտվել են ՀՀ մի շարք օրենքներ: Այդ վիճահարույց կանոնակարգի ընդունման ժամանակ դեռ գիտխորհրդի նիստում հնչել են բացասական կարծիքներ: Նման եզրակացություններ տվել են նաև մի քանի մասնագիտական ամբիոնները»,- ասում է Արմեն Կարախանյանը:

Գագիկ Ասլանյանն իր հերթին անդրադարձել է Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությանը՝ նշելով, որ այդ գիտական աշխատանքում կան գրագողության ու զեղծարարության բազմաթիվ օրինակներ:

«Պարոն Հայրապետյանը մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց այն պահից, երբ անվայելուչ կերպով արձագանքեց ՀՀ վարչապետին ուղղված մեր բաց նամակին: Նրա ատենախոսության ուսումնասիրությունից հետո ի հայտ եկան ապշեցնող բացահայտումներ: Գրագողության ու զեղծարարությունների տրցակն արդեն ուղարկել ենք ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով և մոտ ապագայում ապացույցները պատրաստվում ենք զետեղել rector.am լրատվավերլուծական կայքում»-, հայտնում է Գագիկ Ասլանյանը:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանն արդեն իսկ վարույթ է ընդունել ՀՊՏՀ 24 դասախոսների հայցադիմումն ընդդեմ նույն ԲՈՒՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի: