ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Մաքսային մարմինները չեն կարողանալու սպասարկել Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների առաջիկայում կանխատեսվող աննախադեպ ծավալները։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Այսօրվա մեր հնարավորությունները` թե՛ ենթակառուցվածքային, թե՛ մարդկային, հնարավորություն չեն տալու սպասարկել սպասվող աննախադեպ ծավալները»,– ասաց Անանյանը։
ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրներից Հայաստան տրանսպորտային միջոցների ներմուծման աննախադեպ ծավալները սպասարկելու համար ՊԵԿ նախագահն առաջարկում է միայն ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը տեղափոխել և իրականացնել Գյումրիում։
Նախագծով այդ նպատակի համար հաշվարկվել է 181 մլն դրամ։
ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյուրիում կազմակերպելու առաջարկն արել էր ՀՀ վարչապետը` Արարատյան մաքսատուն այցելության ընթացքում։
Ինչպես կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ավտոմեքենաների մաքսազերծման Գյումրիի կենտրոնն, ամենայն հավանականությամբ, կգործի 2019թ–ի հոկտեմբերից։
Նշենք, որ ներկայում մաքսազերծում իրականացվում է Նորագավիթում տեղակայված Արարատյան մաքսատուն վարչության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման բաժանմունքում, որտեղ այսօր հսկայական հերթեր են։
Հայտնի է, որ 2020թ.–ից սկսած Հայաստան ներմուծվող ավտոմեքենաները մաքսազերծելու են ԵԱՏՄ կանոնակարգերին համապատասխան։ Հունվարից կտրուկ աճելու են հատկապես հին և օգտագործված ավտոմեքենաների մաքսատուրքերը։ Այդ է պատճառը, որ ավտոմեքենա գնելու ցանկություն ունեցողներն ու վերավաճառքով զբաղվողները փորձում են ավտոմեքենաների ներմուծումն իրականացնել մինչև տարեվերջ։
Օրերս հրապարակված պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ այսօր Հայաստան օրական շուրջ 700 ավտոմեքենա է ներկրվում։ Եթե 2018թ–ին ամբողջ տարվա ընթացքում Հայաստան է ներմուծվել 67 000 ավտոմեքենա, ապա այս տարի մինչև հուլիսի վերջ ներմուծված մեքենաների թիվը կհասնի շուրջ 70 000-ի։