Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան «Sputnik զրույց» հաղորդման շրջանակում պատմել է իր ռուսաստանյան այցի, Սփյուռքի հարցերում Հայաստանյանի մասնակցության, սիրիահայ համայնքի խնդիրների ու իր գրասենյակի առաջնահերթությունների մասին։
Առաջնահերթություններից մեկը ճանաչողական այցերի հիման վրա սփյուռքի հետ հարաբերությունները կարգավորող քաղաքականության մշակումն է։ Երկրորդը Սփյուռքի քարտեզագրումն է։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Զարեհ Սինանյանը։
Նրա խոսքով` չունենալ խորը ու համապարփակ բազա, նշանակում է ունենալ ռեսուրս, բայց չիմանալ որտեղ է այն ու ինչ է իրենից ներկայացնում։
«Սա կարևոր ծրագիր է, որը կարևոր է թե ՛ Հայաստանի, թե ՛ Սփյուռքի համար։ Սփյուռքը շատ խնդիրներ ունի ու հաճախ դրանց լուծումը Հայաստանում է։ Պետք է աշխատենք ու լուծում տանք դրանց» , -նշեց նա։
Գլխավոր հանձնակատարը նաև հավելեց, որ հաճելիորեն զարմացել է ՌԴ կատարած այցի արդյուքներից։ Ըստ նրա` ռուս համայնքը գորշ գույներով է ներկայացվում, սակայն դա իրականում այդպես չէ։
«Արևմտյան Ամերիկայի համայնքից այն շատ չէր տարբերվում։ Ռուս համայնքը շատ ավելի ինտեգրված է ու տեսանելի բոլոր բնագավառներում, քան հայերն ԱՄՆ–ում։ Ռուսաստանում ունենք շատ կադրեր, որոնց պետք է ներգրավվենք մեր աշխատանքներում», - ընդգծեց Սինանյանը։
Նա անդրադարձավ նաև ԱՄՆ` Հայաստանին տրամադրվող օգնությունը կրճատելու որոշմանը։ Ըստ նրա` ԱՄՆ-ն ցավագին է ընդունում Սիրիայում Հայաստանի և ՌԴ համաձայնեցված համագործակցությունը։ Այդպիսի վերաբերմունքը Սինանյանը արդարացված չի համարում, քանի–որ Սիրիայում աշխատում են սակրավորներ, որոնք մարդկային կյանքեր են փրկում։
Ինչ գաղափարի շուրջ կարելի է համախմբել Ռուսաստանի և աշխարհի բոլոր հայերին` գիտի Սինանյանը
Հիշեցնենք` սփյուռքի գործերի հանձնակատարի պաշտոնը ստեղծվել է Հայաստանի կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում` սփյուռքի նախարարության լուծարումից հետո։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` այս տարվա հունիսի 14–ին Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշանակվել է այդ պաշտոնում։