Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը 15 մլն դրամը վերադարձրել է պետությանը

Համայնքի նախկին ղեկավարը ընդունել է մեղքն ու ամբողջությամբ վերադարձրել պաշտոնավարման տարիներին պետությանը պատճառած գումարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ յուրացում կատարելու դեպքի հանգամանքները պարզվել են. համայնքին պատճառված 15.231.651 ՀՀ դրամի  վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենն ընդունել է իր մեղքը և փոխհատուցել վնասը
Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից։
«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի Շամլուղ համայնքի ղեկավարը 2007 թվականի հունվարին Շամլուղի համայնքապետարանում որպես վարորդ աշխատանքի է ընդունել ընկերոջը: Վերջինս փաստացի այլ աշխատանքներ կատարելու պատճառով համայնքապետարանում աշխատանքի չի հաճախել»,-հայտնեցին ՔԿ-ից:
Բացի այդ, համայնքի ղեկավարը 2012 թվականի փետրվարի 1-ից համայնքապետարանում համատեղության կարգով որպես ջրագծի հսկիչ աշխատանքի է ընդունել իր եղբորը, ով նույնպես աշխատանքի չի հաճախել և չի կատարել իր գործառութային պարտականությունները:
Արդյունքում՝ դիտավորությամբ, վատնման եղանակով համայնքի բյուջեից  յուրացվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 15.231.651 ՀՀ դրամ գումար:

«Իջևանի վերնատան» նախկին տնօրենը 5 մլն դրամ աշխատավարձ է ստացել առանց աշխատանքի գնալու

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Շամլուղ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել: Նախաքննության ընթացքում մեղադրյալը վերականգնել է պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: