Հայաստանը միացել է վտանգավոր թափոնների կառավարման մասին ԵԱՏՄ համաձայնագրին

Հայաստանից քիմիական թափոնների արտահանումը այլ երկրներում դրանք թաղելու նպատակով կարգելվի։ Սակայն, դա ԱԷԿ–ի թափոններին չի վերաբերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ՀՀ իշխանությունները որոշում են կայացրել միանալ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին ԵԱՏՄ համաձայնագրին։

Թթվային առուներն ու հանքային թափոնները վտանգում են կապանցիների առողջությունը. Գալստյան
Այս մասին հայտարարվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Համաձայնագիրը կրկնում է վտանգավոր թափոնների կառավարման մասին Բազելյան կոնվենցիայի հիմնական դրույթները։

Փաստաթղթի համաձայն` անդամ պետություններում չի թույլատրվում թափոնների անդրսահմանային տեղափոխումը դրանց թաղման և (կամ) վնասազերծման նպատակով։

Նշենք, որ վերոնշյալը չի վերաբերում ռադիոակտիվ թափոններին և չի արգելում աշխատած միջուկային վառելիքի և վառելիքային թափոնների տեղափոխումը Հայկական ԱԷԿ–ից Ռուսաստան։ Սահմանափակումը վերաբերում է բացառապես քիմիական և արդյունաբերական թափոններին։

Քանի որ Հայաստանը Բազելյան կոնվենցիան վավերացրել էր դեռևս 90-ականների վերջին, ապա Հայաստանի համար կանոնները չեն փոփոխվում` մեր երկիրը պարզապես վերահաստատում է դրանք Եվրասիական միության շրջանակում։