ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հուլիսի 19-ին Երևան ուղևորվող B737 օդանավի անձնակազմը Արմավիրի Դալարիկ համայնքի մոտակայքում զեկուցել է օդանավի ձախ հատվածում նույն բարձրության (մոտ 1900 մետր բացարձակ բարձրության) և բավականին մոտ գտնվող հեռակառավարվող անօդաչու համակարգի (DRONE) վերաբերյալ: Այս մասին հայտնում է քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
«Չարտոնված և օդային երթևեկության սպասարկման մարմնի թռիչքատեղեկատվական կենտրոնի հետ չհամաձայնեցված թռիչքները պարունակում են անխուսափելի վտանգներ և ռիսկեր։ Դրանք կարող են պատճառ հանդիսանալ անդառնալի հետևանքների»,–նշված է հայտարարության մեջ։
Քաղավիացիան հորդորում է անօդաչու թռչող համակարգերը շահագործել համաձայն 2007 թվականի ապրիլի 11-ի թիվ 56-ն (վերջին թարմեցում՝ 2016 թվականի հունիսի 17-ի թիվ 100-Ն) հրամանով սահմանված դրույթների և խստորեն պահպանել թռիչքի համար թույլատրելի բարձրությունները և վայրերը։
Հայկական քաղավիացիա. ինչպես է այն ստեղծվել
Ի դեպ, վերոհիշյալ հրամանի մեջ նշված է, որ օդային տարածքում հեռակառավարվող անօդաչու համակարգերով (մինչև 5 կգ քաշ ունեցող) թռիչքները կարող են իրականացվել ոչ ավելի քան 50 մետր (հարաբերական բարձրություն)` առանց քաղավիացիայի գլխավոր վարչություն հայտ ներկայացնելու։ Իսկ դրանից ավել բարձրության թռիչքների համար անհրաժեշտ է զգուշացնել քաղավիացիայի գլխավոր վարչությանը։