Քյարամ Սլոյանի եղբայրը որդի է ունեցել. նա կկրի Ռոբերտ Աբաջյանի անունը

Ապրիլյան պատերազմի հերոսներից մեկի ընտանիքում մեծ ուրախություն է։ Նրա եղբայրը որդի է ունեցել ու կոչել Ռոբերտ` ի պատիվ եղբոր ծառայակից ընկերոջ` Ռոբերտ Աբաջյանի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի եղբոր ընտանիքում տղա է ծնվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Մեր երկրին խաղաղություն, այս փոքրիկին էլ առողջ ու անհոգ մանկություն»,– գրել է Մուրադյանը` երեխայի լուսանկարը հրապարակելով։

Նա նաև հայտնել է, որ երեխային անվանել են Ռոբերտ` ի պատիվ Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանի զինված ուժերն արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հարձակում գործեցին Արցախի վրա։ 4 օր տևած պատերազմի առաջին զոհերի թվում էր նաև Քյարամ Սլոյանը։

Ռոբերտ Աբաջյանն ու Քյարամ Սլոյանը մարտական ընկերներ էին, հասակակիցներ, ովքեր ապրիլյան պատերազմի մեկ այլ հերոսի` կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ զինվորական ծառայություն էին անցնում ու ապրիլյան պատերազմի օրերին իրենց այլ զինակիցների հետ երկու անգամ հետ էին մղել հակառակորդի գրոհը։

Ապրիլի 27-ը Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. հիշատակի միջոցառմանը պաշտոնյաներ չեն եղել

Բայց երբ դիմակայությունն անհնար է դարձել, Արմենակ Ուրֆանյանն իր զինվորներին հրամայել է հեռանալ առաջնագծից, Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանն ու Ռոբերտ Աբաջյանը հրաժարվել էին կատարել հրամանն ու մինչև վերջ մնացել հրամանատարի կողքին։

Սլոյանը վիրավորել էր, երբ փորձել էր կրակի գծից դուրս բերել ծանր վիրավորված հրամանատարին։ Բազմաթիվ հրազենային վնասվածքներ ստանալուց հետո Քյարամ Սլոյանը հակառակորդի ձեռամբ խոշտանգվել ու գլխատվել էր։

Վաշտի հրամանատարի մահից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցրեց իր վրա և պատնեշի վրայից շարունակեց մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է` զինվորներին ուղարկեց փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվեց թափանցել դիրք։ Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ, համառ դիմակայությամբ, նահանջեցին դեպի դիրքային կացարան։ Զոհրաբյանը շուտով մահացավ։

Փաշինյանը մասնակցել է Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Մարտական խորշում դիրքավորվելով` Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակեց միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն` Աբաջյանը վերջին անգամ կապի դուրս եկավ և ասաց, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակն ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնի նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին` Աբաջյանը բացված նռնակը թաքցրեց ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացրեց, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան` Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցրեց հակառակորդի մի քանի զինվորի։

Ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար Ռոբերտ Աբաջյանին շնորհվել էր Արցախի հերոսի բարձրագույն կոչում։ Քյարամ Սլոյանը պարգևատրվել էր ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալով և Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի պետական շքանշանով։