ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի– Sputnik, Արմեն Հակոբյան. Վերջին 1 ամսվա ընթացքում Արցախի ուղղությամբ համեմատաբար հանգիստ է, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն ու սադրանքները բավականին քիչ են: Այս փուլում հակառակորդն ավելի ակտիվ է տեղեկատվական դաշտում՝ տարբեր բնույթի մանիպուլայտիվ նյութերի տարածման առումով: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով ՀՀ սահմանի վերջին դեպքերին և վերլուծելով ընդհանուր իրավիճակը սահմանագծում և բանակցային գործընթացում։
Վերջին շրջանում, առավելապես Հայաստանի Հանրապետության սահմանագծի տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը կրակային ակտիվություն է դրսևորում: Վերջին դեպքերը հուլիսի 27- 29-ին էին, երբ հաղորդվեց մեր պայմանագրային զինծառայողներից մեկի զոհվելու և երկուսի վիրավորվելու մասին:
«Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի Հանրապետության ուղղությամբ հակառակորդի շարժերին և ակտիվությանը, որովհետև անվտանգային առումով միևնույն համակարգում ենք, և ամեն դեպքում վտանգը բոլոր ուղղությունների համար համարժեք է»,–ասում է Աբրահամյանը:
Երբ երազանքներն իրականանում են. զինհաշմանդամ Տիգրան Սարգսյանի բանաձևը
Մեր զրուցակիցը նկատում է, որ թեպետ հակառակորդի կրակային ակտիվության վերջին դեպքը Տավուշի ուղղությամբ էր, բայց չպետք է մոռանալ, որ մոտ 10 օր առաջ էլ ադրբեջանական կողմն ակտիվացավ Վայոց Ձորի ուղղությամբ, Նախիջևանի կողմից:
Տիգրան Աբրահամյանի կարծիքով` հակառակորդի այդ ակտիվացումները մանևրային բնույթ են կրում և, ամեն դեպքում, դրսևորվի այդ ակտիվությունը Տավուշի, թե Վայոց Ձորի սահմանակից հատվածներում, ընկալվում է հավասարազոր այն վտանգին, որ կարող ենք ունենալ Արցախի ուղղությամբ:
Քաղաքագետի կարծիքով` Հայաստանի Հանրապետության սահմանների ուղղությամբ ադրբեջանական կողմի ակտիվությունը խորքում շաղկապված է այն հանգամանքի հետ, որ հատկապես վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը ակտիվ քարոզչություն է տանում` փորձելով որպես իր պատմական տարածք ներկայացնել ոչ միայն Արցախը, այլև ՀՀ տարբեր բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանը: «Եվ սպասելի էր, որ որոշակի ակտիվություն տեղափոխվելու էր նաև դեպի Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահման: Տվյալ դեպքում՝ Տավուշի և Վայոց ձորի ուղղություններով»:
Իրավիճակային տեսանկյունից հակառակորդի կրակային ակտիվությունը կարող է կապված լինել նաև բանակցային գործընթացում ներկայումս դիտարկվող որոշ «դադարի ռեժիմի» հետ:
«Ես առաջին հերթին սա կապում եմ բանակցային գործընթացում եղած իրավիճակի հետ: Փաստացի ներկայումս բանակցություններ չեն ընթանում, ու ըստ էության, նաև տեսանելի չէ որևէ ժամանակ հետո դրանց իրականացումը: Նման վիճակը ադրբեջանական կողմի համար պարարտ հող է նախապատրաստում՝ առաջնագծում ակտիվություն դրսևորելու համար»,-կարծում է Տիգրան Աբրահամյանը:
Հայաստանը համարժեք պատասխան է տվել. փոխնախարարը` Ադրբեջանի հետ սահմանային իրավիճակի մասին
Հիշեցնենք, որ հուլիսի 27–ին ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, վիրավորվել էր մարտական հերթապահություն իրականացնող մի զինծառայող: Հուլիսի 28–ին ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել էր ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը: Հուլիսի 29–ին ևս մեկ ևս մեկ պայմանագրային զինծառայող է վիրավորվել` 33–ամյա Վլադիմիր Օսիպյանը: