Ի՞նչ վիճակում է «Սատանի կամրջից» ընկած 16-ամյա տղան. մանրամասներ

Տղան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Սյունիքի մարզի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում ձորն ընկած 16 տարեկան տղայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը իր Facebook-յան էջում:

«Սատանի կամրջից» ընկած 16 տարեկան տղայի վիճակը կայուն ծանր է

«Լավ լուր։ Հուլիսի 27-ին Սյունիքի մարզի Տաթև գյուղում «Սատանի կամրջից» ձորն ընկած (մոտ 20 մ.) 16-ամյա քաղաքացու մոտ դրական տեղաշարժ կա, վիճակը բարելավվում է: Նա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել սանավիացիայի ուղղաթիռով: Այսօր արդեն վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք, կյանքին վտանգ չի սպառնում»,-գրել է Դերձյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին «911» ծառայությունն ահազանգ էր ստացել, որ, ժամը 12:40-ին Սյունիքի մարզում գտնվող «Սատանի կամուրջ» կոչվող հատվածից էքսկուրսիա գնացած 16–ամյա մի քաղաքացի է ընկել ձորը։ 

Տղան նախ հոսպիտալացվել էր  Գորիսի բժշկական կենտրոն, այնուհետև ուղղաթիռով տեղափոխվել Երևան:

Նրա մոտ հայտնաբերվել էր  զուգակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, կոնքի կոտրվածք։