ՊՆ–ն չի վճարում նախկին զինծառայողի արձակուրդայինը. նա մի քանի անգամ հացադուլ է արել

Վարչական դատարանն ու մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանում են զինծառայողի իրավունքը, սակայն պաշտպանական գերատեսչությունը չի շտապում վճարել զինծառայողի արձակուրդայինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. ՀՀ կառավարությունը չի շտապում վճարել նախկին սպա Ցոլակ Խաչատրյանի արձակուրդայինը և զորացրման միանվագ գումարը։

Իրավիճակ չի՞ փոխվել. ՊՆ–ն շարունակում է գույք նվիրել ԵԿՄ–ին

Խոսքը շուրջ 10 միլիոնի մասին է։ Ավելի վաղ զինծառայողը կառավարության շենքի մոտ հացադուլ էր անում, որը տևեց 17 օր։

Հուլիսի 24-ին նրա հետ հանդիպեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, որը խոստացավ զբաղվել այդ խնդրով։ Խաչատրյանը դադարեցրեց հացադուլը, սակայն, 5 օր անց ստիպված եղավ վերսկսել այն, քանի որ այդ ընթացքում խնդրի լուծման ուղղությամբ որևէ քայլ չձեռնարկվեց։ Երկրորդ հացադուլի առաջին իսկ օրը նախկին զինվորականի առողջական վիճակը վատացել էր. ճնշումը կտրուկ իջել էր։ Շտապօգնություն կանչից հետո սպայի վիճակը փոքր–ինչ կայունացել էր։

Sputnik  Արմենիան զրուցել է Խաչատրյանի նրա հետ. նրա խոսքով` զինվորական ծառայության տարիներին (1995-2014 թվականներին) մոտ 277 չօգտագործած արձակուրդային օրերի գումարը ՊՆ–ն չի փոխհատուցել։ Փոխհատուցման չափը շուրջ 6 մլն դրամ է կազմում։

ՀՀ ՊՆ «թեժ գիծ». ի՞նչն է ամենից շատ մտահոգում զորակոչիկների ծնողներին

Ավելին, ուշացման համար հիմնական գումարին, ըստ օրենքի, տույժ-տուգանք է ավելանում։ Սպայի հաշվարկով` իրեն պետք է վճարեն մոտ 10 մլն դրամ։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Օրենքի համաձայն` զորացրվելուց հետո զինծառայողին պետք է վճարեն միանվագ գումար` աշխատավարձի 15-ապատիկի չափով։ Այդ գումարը ևս Խաչատրյանը մինչ օրս չի ստացել, ինչն էլ ստիպել է նրան հացադուլ սկսել։

Երկրորդ հացադուլը երկար չի տևել։ Հացադուլի հաջորդ օրը` հուլիսի 30-ին, նրան կրկին մոտեցել են կառավարության ներկայացուցիչները և կոչ արել դադարեցնել հացադուլը։

«Ինձ վստահեցրին, որ ՊՆ–ն զբաղվում է իմ խնդրով, և ապագայում հարցին դրական պատասխան կտրվի։ Եվ, քանի որ, այս անտանելի շոգին նստելու և սոված մնալու ցանկություն չունեի, հավատացի այդ մարդկանց և որոշեցի ևս մի քանի օր ժամանակ տալ նրանց։ Եթե դարձյալ ոչինչ չփոխվի, ապա օգոստոսի 5-ից կվերսկսեմ հացադուլը։ Ես հասկանում եմ, որ հացադուլը լավագույն որոշումը չէ, սակայն այլ ելք չունեմ։ Եթե հարցս չլուծվի, ես պատրաստ եմ դիմել ծայրահեղ միջոցների»,– ասաց Խաչատրյանը։

ՀՀ ՊՆ «թեժ գիծ». ի՞նչն է ամենից շատ մտահոգում զորակոչիկների ծնողներին

Նախկին սպան ՊՆ-ից իր գումարն ստանալու համար պայքարում է շուրջ 5 տարի։ Այդ տարիներին նա դիմել է բոլոր դատական ատյաններին, ընդհուպ` Վարչական դատարան։ Դատարանը պարտավորեցրել է նախարարությանը վճարել սպայի 277  օրվա արձակուրդայինը։ Հայցի մանրամասներն ու հանգամանքները մանրամասն նկարագրված են դատական եզրակացության մեջ, որի պատճենը Խաչատրյանը տրամադրել է մեզ։

Վերջերս հօգուտ սպայի որոշում է կայացրել նաև ՀՀ օմբուդսմենի գրասենյակը։ Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է նախկին զինծառայողի իրավունքների խախտում` հիմնվելով համապատասխան օրենսդրության դրույթների վրա։ Հետաքրքիրն այն է, որ ՊՆ–ն առարկություն չունի օմբուդսմենի կայացրած որոշման վերաբերյալ։

Մեր խմբագրության տնօրինության տակ են գտնվում բոլոր փաստաթղթերի` ինչպես Վարչական դատարանի, այնպես էլ օմբուդսմենի գրասենյակի որոշումների պատճեները։

Մենք փորձեցինք պարզել պաշտպանական գերատեսչության դիրքորոշումը և անցած շաբաթ գրավոր հարցում ուղարկեցինք, սակայն Sputnik Արմենիան նախարարությունից դեռ որևէ պարզաբանում չի ստացել։