Սահմանային սրացումներն «ինտեգրվել են» Արցախի բանակցություններին. պարզաբանումներ

Հայ-ադրբեջանական սահմանի վերջին սրացումները կարող են մի քանի պատճառ ունենալ, այդ թվում` քաղաքական։ Ռազմական փորձագետը բացահայտել է սրացման և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների կապը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Սահմանային սրացումն Ադրբեջանը կիրառում է Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների շրջանակում հայկական կողմի վրա ճնշում գործադրելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը` մեկնաբանելով իրավիճակն առաջնագծում։

ՀՀ ՊՆ «թեժ գիծ». ի՞նչն է ամենից շատ մտահոգում զորակոչիկների ծնողներին

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին և 28-ին, Հայաստանի պետական սահմանի հյուսիս–արևելյան հատվածում հակառակորդի կրակոցներից սպանվել էր ՀՀ ԶՈւ զինծառայող Արման Բուլգադարյանը, ևս երկու զինվորական վնասվածքներ են ստացել։ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի խոսքով`սրացումը պայմանավորված է ակտիվ ինժեներական աշխատանքներով։

Հարությունովը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, սրացման մի քանի պատճառ կա։ Պաշտպանության փոխնախարարի նշված ինժեներական աշխատանքները հավանական պատճառներից մեկն է։

«Ակտիվությունը, Հայաստանի և Արցախի սահմանին պարբերաբար առաջացող սրացումները նոր երևույթ չեն։ Դրանք «ինտեգրված են» բանակցությունների գործընթացին», – ասաց Հարությունովը։

Ադրբեջանական կողմը, նրա խոսքով, ժամանակ առ ժամանակ նման քայլերի է դիմում` ճնշում գործադրելու համար։ Ակտիվության նման դեպքեր եղել են նաև նախկինում։

Հայաստանում զոհված զինծառայողը 1.5 տարի առաջ էր ՌԴ–ից վերադարձել. մանրամասներ

Հարությունովը չի բացառում, որ խոսքը երկու վերոնշյալ գործոնների համատեղության մասին է։

«Դրանք միմյանց չեն խանգարում», – նշում է փորձագետը։

Ըստ նրա` դժվար է ասել, թե որքան կարող է շարունակվել այս իրավիճակը։ Մինչ 2018 թվականի բանակցային գործընթացը ցույց է տվել, որ սրացումը կարող է բավականին խորը գնալ։

Չնայած, վերջին շրջանում այն հիմնականում լոկալ բնույթ է կրում։

«Ադրբեջանական կողմը նաև չի ցանկանում շատ սրել իրավիճակը, որպեսզի այն վերահսկողությունից դուրս չգա։ Այլապես ինքը կընկալվի որպես կողմ, որը խաթարում է բանակցային գործընթացը», – ընդգծեց Հարությունովը։

Երբ երազանքներն իրականանում են. զինհաշմանդամ Տիգրան Սարգսյանի բանաձևը

Չնայած որ վերջին տարվա ընթացքում կրակոցները քիչ են եղել, դժվար է որևէ բան կանխատեսել։

Նշենք, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունների քննադատությամբ ավելի վաղ հանդես էր եկել ՀՀ ԱԳՆ–ն։