ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Պետեկամուտների կոմիտեն դիմել է դատարան`խնդրելով թույլ տալ աճուրդով վաճառել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող գույքը։
Այսօր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստում այս մասին հայտարարեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը` ընթերցելով ՊԵԿ–ից ստացած գրությունը։
«ՊԵԿ–ը դիմել է` խնդրելով վերացնել գույքի վրա դրված կալանքի մի մասը և հնարավորություն տալ, որպեսզի աճուրդի եղանակով գույքի իրացում կատարի՝ վաճառի այդ գույքը և 1 միլիարդ 18 միլիոն դրամ մուծի պետական բյուջե` որպես հարկային պարտավորություն»,– գրության բովանդակությունը ներկայացրեց դատավորը։
Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք ՊԵԿ–ից գրություն չեն ստացել, ինչը ընդունված կարգի խախտում, և իրենց ժամանակ է պետք դրան մանրամասն ծանոթանալու համար։ Բայցևայնպես փաստաբանը որոշ դիրքորոշում հայտնեց։
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ պետական մի մարմինը չգիտի, թե ինչ է անում պետական մյուս մարմինը։ Մի քանի նիստ առաջ հրապարակվեց վարչապետի վերահսկողական ծառայության գնահատականը հենց այդ վնասի հետ կապված։ Այսինքն` ստացվում է, որ նախաքննության փուլում մենք ինքներս հակված ենք եղել այդ վնասը փոխհատուցելու և արել ենք գործողություններ։ Երկրի առաջին դեմքը հանձնարարություն է տալիս պետական լիազոր մարմնին` դիմել դատարան, որպեսզի ելակետային տվյալներ վերցնի ու գործընթացը սկսի, մյուս պետական մարմինն իրեն իրավունք է վերապահում դատարանին գրելու, որ այս գույքն արգելանքից հանեք»,– ասաց Լևոն Բաղդասարյանը։
Նա հայտարարեց, որ ՊԵԿ–ի գրությունն իրենք ոչ իրավաչափ են համարում և հարկ չեն համարում քննարկել։
Այդուհանդերձ, դատարանը տեղում ժամանակ տվեց կողմերին` ծանոթանալու ՊԵԿ–ից ստացված փաստաթղթին` մինչ դրա քննարկումը սկսելը և ընդմիջեց նիստը։
Նշենք, որ դատական այսօրվա նիստին Մանվել Գրիգորյանը դարձյալ ներկա չէ` առողջական վիճակի պատճառով։ Նրա կինը`Նազիկ Ամիրյանը, դատարանում է։
Հիշեցնենք` Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։
Նախաքննական մարմնի որոշմամբ կալանք է դրված Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի գույքի վրա։
Հիշեցնենք` դեռ անցած տարվա հոկտեմբերին նա դիմել էր կառավարությանը՝ Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը ՀՀ-ին նվիրաբերելու համար։