Կոնվենցիան վտանգի տակ չի առնում ազգային ավանդույթներն ու արժեքները. նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը կոչ է անում չտրվել մանիպուլյացիաների, ժամանակ գտնել ու կարդալ Ստամբուլյան կոնվենցիան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Կառավարությունը դիմելու է Սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը՝ նշելով, որ կոնվենցիայի շուրջ առաջացած մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով՝ հարկ են համարում պարբերաբար պարզաբանել թեման:

Եվ այսպես՝ Արդարադատության նախարարությունը հանրությանը հավաստիացնում է, որ Կոնվենցիան որևէ կերպ չի հակասում Սահմանադրությամբ նախատեսված ընտանիքի կամ սեռերի կոնցեպտին, Կոնվենցիան չի կարգավորում ընտանեկան կյանքը կամ ընտանիքի կառուցվածքը, և որևէ պետություն պարտավոր չէ ըստ Կոնվենցիայի փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները:

Կոնվենցիան միմիայն նշում է, որ ավանդույթները, մշակույթը և կրոնը չեն կարող կանանց նկատմամբ բռնությունն արդարացնելու հիմք հանդիսանալ։

Նշենք, որ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ին, Հայաստանի կողմից այն ստորագրվել է 2018թ. հունվարի 18-ին։

«Ընդհանրապես, այս կոնվենցիայի մասին խոսելիս, պետք է նկատի ունենալ, որ ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով ամրագրված է, որ ՀՀ պետական քաղաքականության հիմնական նպատակներից է կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության ապահովումը։

Իշխանությունը հայտնվել է ԼԳԲՏ մուրճի և պահպանողական հանրության զնդանի արանքում. Իշխանյան

Այս տրամաբանությամբ ՀՀ կառավարության 16 մայիսի 2019 թվականի N 650–Լ որոշմամբ հաստատված հնգամյա միջոցառումների ծրագրի 11-րդ կետով նախատեսվել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի կազմակերպումը։

Ուստի, Կոնվենցիայի վավերացման գործընթացի համար պատասխանատու գերատեսչություններն արդեն իսկ սկսել են տվյալ գործընթացը՝ ինչպես դա պահանջվում է «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով»-նշվում է ՀՀ արդարադատության նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչությունից վստահեցնում են, որ մինչ Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելը, Կառավարությունը, Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դիմելու է Սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով:

Բողոքի ակցիաներ. ակտիվիստները Փաշինյանից կոնկրետություն են պահանջում ԼԳԲՏ–ի հարցում

«Կարծում ենք, որ «ավանդույթների պահպանությանը» միտված արշավն ընդամենը հանրությանը մոլորության մեջ դնելու փորձ է՝ անկախ այդ փորձերի իրական նպատակների տարբերությունների»-նշում են նախարարությունից։

Միաժամանակ, արդարադատության նախարարությունն օգտակար է համարել ստանալ նաև Եվրոպայի Խորհրդի սահմանադրական հարցերով մասնագիտացված խորհրդատվական կառույցի՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը մեր Սահմանադրության տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության հարցի վերաբերյալ (constitutional implication of the Convention) և հատկապես շահարկվող հարցերին անդրադառնալու տեսանկյունից։ Կարծիքը ստանալուն պես այն կհանրայնացվի։

Մինչ այդ, նախարարությունn առաջարկում է օգտվել հայտարարությանը կից տեղադրված հակափաստարկների տեղեկանքից, որը շարունակվում է լրացվել՝ ներառելով հակափաստարկներ նոր շրջանառվող փաստարկների վերաբերյալ։

ՀՀԿ–ն նախկինում ինչ–որ չէր հիշում ԼԳԲՏ համայնքի մասին. Փաշինյան