Հայաստանում նշում են Վարդավառը. Քրիստոսի Պայծառակերպության տոնի պատմությունը

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Այսօր Հայաստանում նշվում է Վարդավառը կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։

Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

Վարդավառը հիմա վերածվել է մանկական զվարճանքի. տոնի խորհուրդն ու սպասվող միջոցառումները

«Վարդավառ» ժողովրդական անվանումը հավանաբար գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անվանումը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուսը մինչև այլակերպությունն իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց իր Աստվածությունը:

«Տարբերեք թացը չորից. ճիշտը թացն է». հայ հայտնիները Վարդավառը կանցկացնեն Գյումրիում

Համաձայն Ավետարանի` Քրիստոսը Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը»: Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ:

Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում:

Ինչ է պետք անել, որ Վարդավառը «բոլոլա» չդառնա. 12 կանոն` Ռուբեն Մելիքյանից

Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:

Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա, իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա: Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:

Վարդավառն ԱԺ-ում. պատգամավորները գորգ են լվալո՞ւ