Վրաստանի անկարգությունների կազմակերպման համար մեղադրվում է պաշտպանության նախկին նախարարը

Քննության վարկածով՝ Օքրուաշվիլին բողոքի ակցիաների ժամանակ բռնի գործողությունների կոչ է արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Վրաստան պաշտպանության նախկին նախարար, «Հաղթանակած Վրաստան» կուսակցության առաջնորդ Իրակլի Օքրուաշվիլիին պաշտոնական մեղադրանք է ներկայացվել հունիսի 20-21-ին Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ բռնի գործողությունների կազմակերպման, ղեկավարման ու մասնակցության համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Արյուն էր հոսում...». Թբիլիսիում տուժածներից մեկը Ruptly–ի պրոդյուսերն է. լուսանկար

Նախկին նախարարին ձերբակալել են հուլիսի 25-ին հունիսյան անկարգությունների հետաքննության շրջանակում։

Նրա փաստաբանի խոսքով՝ մեղադրանքի ձևակերպման մեջ նշվում է, որ հունիսի 20-ին բողոքի ակցիային եկած որոշ անձինք սկսել են բռնություն իրականացնել, ու նրանց շարքում եղել է նաև Իրակլի Օքրուաշվիլին։ Բայց նա պատրաստվում է դատարան բերել ականատեսների, որոնք կապացուցեն նախկին նախարարի անմեղությունը։

Հունիսի 20-ին ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել Թբիլիսում այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստել էր ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։ Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքը դավաճանելու» մեջ։ Ընդդիմության ցույցն անկարգությունների էր վերածվել: Վերջին տվյալներով՝ մոտ 240 մարդ տուժել է, 300-ից ավելի մարդ՝ բերման ենթարկվել: