ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Վարդավառը հայերի շրջանում ամենատարածված տոներից մեկն է։ Տոնը հեթանոսկան արմատներ ունի, և դրա ժողովրդական ծիսակարգը ևս գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից, բայց սիրված է նաև մեր օրերում։ Վարդավառը նաև Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է։
Այս տարի այն կնշվի հուլիսի 28-ին։ Հինգ տաղավար տոներից երրորդի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի խորհրդի մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել էեն Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը:
Երբ Հիսուսն իր երեք առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն ու առանձնանում աղոթելու, առաքյալներն ինչ-որ ձայներ են լսում, մոտենում են տեսնում Հիսուսի դեմքը պայծառակերպված է, զգեստները լուսավոր, ու նա զրուցում է Մովսես և Եղիա մարգարեների հետ: Այդ ժամանակ լուսավոր ամպ է գալիս, որից լսվում է Աստծո ձայնը. «Նա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, նրան լսեցեք»:
«Սուրբ Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Մովսես և Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա, իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա: Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով»,-ասում է Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Նրա խոսքով՝ Վարդավառին ջուր ցողելը տոնի մկրտության խորհուրդն է իր մեջ ամփոփում:
Վարդավառի ժողովրդական ծեսերն ու ավանդույթները
Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն էլ նշում է, որ Վարդավառի տոնը հայ ժողովրդի համար միշտ կարևոր դերակատարություն է ունեցել, այն համախմբել է համայնքի անդամներին:
«Մենք գիտենք, որ բավական տոներ նախաքրիստոնական ակունքներ ունեն, ինչպես նաև Վարդավառը։ Այս տոնի մեջ մարդու և բնության կապի դրսևորումներ ենք տեսնում»,-ասում է նա և կարևորում նաև ծիսական պահը՝ եկեղեցի գնալը, ուխտագնացության մասնակցելը: «Անցյալում մարդիկ այս օրը սարեր էին գնում, տոնական խմորեղեն էին պատրաստում և հատկապես Տավուշի մարզում, նույնիսկ խորհրդային տարիներին, շատ լավ են նշել՝ գրեթե Նոր տարվա պես»,-պատմում է նա և նկատում, որ այսօր ավելի շատ մանկական զվարճանքի է վերածվել տոնը:
«Սա տաղավար տոներից երրորդն է, և ժողովրդի կողմից շատ սիրված է: Իրար վրա ջուր ցողելը գալիս է Նոյ նահապետից, այն մաքրագործման հատկություն ունի: Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե այս ավանդույթը հեթանոսական է, թե ոչ, ապա նշեմ, որ «հեթանոս» բառը «էթնոս» բառն է, ինչը նշանակում է ազգ»,-ասաց ազգագրագետը:
Այս տարի սպասվող տոնակատարությունները
Վարդավառի տոնակատարությունից առաջ՝ հուլիսի 27-ին, ժամը 18.00-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կլինի մեծ տոնական շքերթ: Առջևից գնալու է ավանակը՝ վրան տատիկ նստած: Երիտասարդները տատիկի հետ կատակներ են անելու: Տատիկը գրպաններից քաղցրավենիք է հանելու և բաժանելու նրանց:
Բաղրամյան պողոտայի մի մասը 14 ժամ փակ կլինի
Բուն միջոցառումը լինելու է քաղաքապետարանին հարակից մանկական այգում: Արարատյան հանրապետական թեմի երիտասարդները գործելու են բնական ծաղիկներից գեղեցիկ ծաղկեպսակներ(գլխին դնելու համար), որոնք բաժանելու են քաղաքացիներին:Երիտասարդները կրակ են անելու, խնձոր են խորովելու, երգելու են ու պարեն: