Հովտաշենի արագիլներն այլևս սոված չեն, բայց նրանց ձագերը կարող են սատկած լինել

Բոլոր այն թռչունները, որոնք ի վիճակի են ինքնուրույն դուրս գալ բներից ու կերակրվել, այլևս սոված չեն մնա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Արարատի մարզում մինչ այժմ անհայտ պայմաններում աղտոտված արագիլներին սովն այլևս չի սպառնում։ Վայրի թռչունները համաձայնել են ընդունել մարդկանց հյուրասիրությունը։

Արարատի մարզում արագիլներն աղետալի վիճակում են. մեղավորներին փնտրում են

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց Հովտաշեն համայնքի ղեկավար Սուրեն Մկրտչյանը, վայրի թռչուններին կերակրելու մի քանի անհաջող փորձից հետո ի վերջո գտնվել է տարբերակ, որից արագիլները չեն հրաժարվել։

«Նույնիսկ դաշտամուկ ենք տվել, բայց չկերան։ Իրենք, երևի, ավելի շատ ձկան են սովոր։ Հետո կենդանաբանների հետ խորհրդակցելով, որոշեցինք փորձել ձկով կերակրել նրանց։ Այս տարբերակը ստացվեց։ Հիմա օրը երկու անգամ ձուկ ենք կտրում, փոքր կտորներով տալիս»,– ասաց գյուղապետը։

Այս հարցով խորհրդատվության հարցում արագիլների ճակատագրով մտահոգ գյուղացիերին աջակցել են  Երևանի կենդանաբանական այգու մասնագետները, իսկ ձկները տրամադրում են Արարատի ձկնաբուծարանների սեփականատերերը։

Հովտաշենի արագիլներն այլևս սոված չեն, բայց նրանց ձագերը կարող են սատկած լինել

Որպես կենդանիներին կերակրելու տարածք՝ ընտրվել է գյուղի ֆուտբոլի դաշտը, որտեղ արագիլները սովորաբար հավաքվում են միջատներ որսալու համար։

Թե՛ գյուղապետը և թե՛ մասնագետներն արձանագրում են, որ արագիլների վիճակն ակնհայտորեն բարելավվել է։ Բոլոր այն թռչունները, որոնք ի վիճակի են ինքնուրույն դուրս գալ բներից ու կերակրվել, այլևս սոված չեն մնա։

Փոխարենը մասնագետներն այլ մտահոգություն են հայտնում. արագիլների բներում մնացած, թռչել չկարողացող ձագերն այս ընթացքում կարող էին սովին չդիմանալ։

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի ինստիտուտի ներկայացուցիչ, Հայաստանի թռչունների պահպանման ՀԿ նախագահ Մամիկոն Ղասաբյանը Sputnik Արմենիային ասաց, որ դա ստուգելու համար մտադիր են թռչող սարքով հետազոտել տարածքի բոլոր բները:

«Պետք է հետազոտել բոլոր բները, տեսնել` սատկած ձագեր կան, թե չկան։ Կան բներ, որ հեռվից դիտողի համար դատարկ են, բայց ես չեմ կարող ասել` այդ բներից թռել-գնացել են, թե սատկել են ներսում»,– ասաց Ղասաբյանը։

Բներում մնացած ձագերի հնարավոր անկումը կարող է արդեն իսկ լուրջ խնդրին էլ ավելի մեծ լրջություն հաղորդել։

Աղտոտված արագիլները սովի են մատնված. նրանք չեն կարողանում թռչել ու իրենց վրա ցեխ են քսում

Ինչ վերաբերում է աղտոտված թռչուններին լողացնելու` քաղաքացիական տարբեր խմբերի  նախաձեռնություններին, որոնց մասին վերջին օրերին նշվում է սոցցանցերում, Մամիկոն Ղասաբյանը կոչ է անում ձեռնպահ մնալ նման շարժումներից՝ տուժած թռչուններին էլ ավելի չվնասելու համար։

«Մաքրելը շատ վտանգավոր է, պետք չէ: Դա պետք է մասնագետներն անեն։ Իբր գնացին, երեք հատին մաքրեցին, բայց լվացածը համարյա չի օգնել, նույն վիճակում են, ուղղակի՝ ավելի տանջված»,– ասաց Ղասաբյանը` նշելով, որ թռչուններին առայժմ անհայտ բաղադրությամբ կեղտից մաքրելու տարբեր անվտանգ միջոցներ փորձարկում են Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի աշխատակիցները, որոնց խնամքի տակ այս պահին երկու արագիլ կա։

Հովտաշենի արագիլներն այլևս սոված չեն, բայց նրանց ձագերը կարող են սատկած լինել

Ինչ վերաբերում է աղտոտման աղբյուրին ու այս իրավիճակի հնարավոր մեղավորներին՝ դրանք առ այսօր բացահայտված չեն։

Մամիկոն Ղասաբյանի ու գյուղապետի խոսքերով, լաբորատոր հետազոտությունների արդյունքներն իրենց խոստացել են հայտնել հաջորդ շաբաթվա ընթացքում։

Հիշեցնենք՝ շուրջ 2 շաբաթ առաջ սոցիալական կայքերում տեղեկություններ տարածվեցին, որ Արարատի մազի Հովտաշեն համայնքի տարածում ապրող արագիլներն աղտոտված են ու չեն կարողանում թռչել։

Որոշ ենթադրությունների համաձայն,  արագիլներն աղտոտվել են Հրազդան գետը լցված արտադրական թափոններից։ Բայց հարցի վերջնական պատասխանը կտա գետի ջրից ու կենդանիների փետուրներից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությունը։

Հովտաշենի արագիլներն այլևս սոված չեն, բայց նրանց ձագերը կարող են սատկած լինել