ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Զբոսաշրջային բարձր սեզոնի ընթացքում հյուրանոցներում տեղերի առկայությունը մեծ չէ, հետևաբար, Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիները բառիս բուն իմաստով, բաց երկնքի տակ մնալու վտանգի առաջ են: Այս մասին այսօր Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում խոսեցին դեպի Եգիպտոս կանոնավոր և չարտերային թռիչքներ իրականացնող հայաստանյան երեք խոշոր տուրօպերատորների տնօրենները:
Այս պահին եղած տեղեկություններով՝ Եգիպտոսում մնացած տուրիստների մի մասը տեղափոխվել է երեքաստղանի հյուրանոցներ: Երեք տուրօպերատորներ իրենց պատրաստակամությունն են հայտնում Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիներին օգնել Հայաստան վերադարձի հարցում, բայց նշում են, որ դրա համար անհրաժեշտ են ֆինանսներ և ազնիվ չէ, որպեսզի իրենք երեքով իրենց ուսերին վերցնեն իրենց մրցակցի ֆինանսական պարտավորությունները: Թեպետ իրենց թռիչքներում առկա ազատ տեղերը պատրաստ են այս տհաճ իրավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիներին տրամադրել ինքնարժեքից էլ ցածր գնով:
Արդեն երրորդ տարին Եգիպտոսից Հայաստան և հակառակ ուղղությամբ կանոնավոր թռիչքներ իրականացնող Air Cairo ավիաընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Անռիվա-Տուրի» տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանի խոսքով՝ այս պահին խոսվում է Եգիպտոսում մնացած հարյուր ուղևորի մասին, բայց դա միայն նախնական տվյալներով տուժածների թիվն է: Թե ինչ կկատարվի հաջորդ թռիչքների օրերին, այս պահին անհայտ է:
Ու՞ր մեկնել, եթե վիզա ստանալու ժամանակ ու նյարդեր չունեք. թոփ 5 երկրներ
«Երկու օր առաջ թռիչք է իրականացել դեպի Հուրգադա, 168 մարդ է մեկնել, մի մասը մեկնել է յոթ օրով, մյուս մասը 10, կան 14 օրով մեկնողներ և այլն: Այս պահի դրությամբ նրանց ապագան պարզ չէ, որովհետև նրանք ոչ թե այսօրվա թռիչքով պիտի վերադառնային, այլ օրեր անց»,- ասաց «Մարաթուկ Հոլդինգի» տնօրեն Զորիկ Վարդանյանը:
Տուրիստական ընկերությունների ղեկավարների հաշվարկներով՝ A&R-ի թռիչքներով Հուրգադա մեկնած և այս պահին Եգիպտոսում գտնվող զբոսաշրջիկների ընդհանուր թիվը մոտ 400-500 է:
Հռիփսիմե Ստամբուլյանի խոսքով՝ սա A&R-ի կողմից նման անպատասխանատու գործելաոճի առաջին դեպքը չէ: Մինչև վերջերս երկու ընկերությունները համագործակցում էին, A&R-ը բլոկ (ֆիքսված թվով) տեղեր ուներ Air Cairo ավիաընկերության թռիչքների համար, սակայն պայմանագրի կետերի բազմաթիվ խախտումներից հետո «Անռիվա-Տուրը» դադարեցրեց համագործակցությունն ընկերության հետ, ավելին՝ հայց ներկայացրեց դատարան:
«Նկատեցինք, որ ավիատոմսեր են կեղծում, օդանավակայանում հայտնվում էին ուղևորներ նկարված տոմսերով»,- ասաց Ստամբուլյանը:
Ինչու հայ զբոսաշրջիկները չեն կարողանում Եգիպտոսից Հայաստան վերադառնալ. հայտարարություն
Բացի այսօր չկայացած Հուրգադա-Երևան-Հուրգադա չվերթից, ավելի վաղ չեն կայացել մի քանի թռիչքներ դեպի Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ, սակայն այդ թռիչքներով չմեկնողների թիվն այսքան մեծ չի եղել, տուրօպերատորները հնարավորություն են ունեցել իրենց կողմից իրականացվող թռիչքներում նրանց տեղ տալ, և այսպիսի աղմուկ չի բարձրացել: Ստամբուլյանի խոսքով՝ մտահոգվելու հավելյալ պատճառներ իրենք ունեցան մոտ երկու շաբաթ առաջ, երբ դեպի Եգիպտոս մեկնող ուղևորների ձեռքերում տեսան միակողմանի ավիատոմսեր՝ Almasria Airlines-ի հետադարձ ավիատոմսով, մինչդեռ այդ պահին տվյալ ավիաընկերությունը քաղավիացիայից թռիչքի թույլտվություն դեռևս չուներ: Անձամբ ինքը տեղյակ է պահել A&R-ի գործելակերպի մասին իրավապահ մարմիններին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, սակայն վերջիններս նշել են, որ քանի դեռ տուժողներ չկան, ոչինչ չեն կարող ձեռնարկել:
Ո՞վ է այս պատմության մեղավորը՝ Almasria Airlines-ը, թե՞ A&R-ը: Ավիաընկերությունը չի իրականացնում թռիչք, քանի դեռ տուրիստական ընկերությունը ստանձնած ֆինանսական պարտավորություններն ավիաընկերության հանդեպ չի կատարել:
«Պատմությունը կրկնվելու հատկություն ունի. մոտ ութ տարի առաջ «Թեզ տուրը», որը թուրքական արմատներ ունի, նույն վնասը պատճառեց հայկական տուրոլորտին»,- ասաց «Սքայտուր»-ի տնօրեն Ալեքսանդր Միրաքյանը՝ հիշեցնելով 2011թ.-ին Ամանորի նախաշեմին Եգիպտոս և Թուրքիա այդպես էլ չմեկնած քաղաքացիների մասին, որոնք ուղեգրերը ձեռք էին բերել «Թեզ տուր»-ից: Դրա հետևանքով, մի քանի տարի Հայաստանից Եգիպտոս թռիչքներ չիրականացվեցին:
Ստամբուլյանի խոսքով՝ «Թեզ տուր»-ի նման ընկերությունները նախընտրում են հենց Հայաստանի նման երկրներում աշխատել, որտեղ տուրոլորտում գործունեություն ծավալելն ավելի հեշտ է, ավելի ճիշտ՝ ոլորտը խոցելի է: Ալեքսանդր Միրաքյանը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ A&R-ը ներկայացնում է «Թեզ տուր»-ը, հետևաբար, բոլոր այն քայլերը, որոնք կատարել է տուրիստական ընկերությունը, ցուցված է եղել կամ դրանց մասին տեղյակ է եղել հենց «Թեզ տուր»-ը:
Նշենք, որ վերջերս հայաստանյան ութ խոշոր տուրօպերատոր միավորվել էին և միացյալ հայտարարություն տարածել այն մասին, որ կդադարեն համագործակցել բոլոր այն տուրիստական ընկերությունների հետ, որոնք աշխատում են A&R-ի հետ, քանի որ հետևելով նրանց գործելակերպին՝ կանխատեսել էին նման հետևանք: