ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. «Սպայկա» ընկերության ղեկավարներին թույլ է տրվել զբաղվել իրենց աշխատանքով։ Այսօր կառավարության նիստից հետո, անդրադառնալով «Սպայկայի» ղեկավարության նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքին, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Հաշվի առնելով «Սպայկայի» սերտ առնչությունը գյուղատնտեսության ոլորտի հետ` այս պահին ընկերության ղեկավարներին մի փոքր ազատ ենք թողել, որ իրենց բնականոն գործունեությամբ զբաղվեն։ Հնարավորություն ենք տվել, որ ընկերության այսօրվա գործունեության որևէ խաթարում չլինի։ Բայց դա չի նշանակում, որ մենք զիջումների ենք գնացել, քանի որ զիջել նշանակում է օրենքին հակառակ գնալ»,– ասաց Անանյանը։
Իսկ «Սպայկայի» նախորդ շրջանի գործունեության նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը, ՊԵԿ նախագահի խոսքով, շարունակվում է։ Քննչական մարմինը հարցումներ է արել և պարբերաբար տեղեկություններ է ստանում այլ երկրների հարկային ու մաքսային կառույցներից։ Ինչ վերաբերում է «Սպայկայի» չարաշահումների նոր հաշվարկին, Անանյանը հրաժարվեց նոր թիվ հրապարակել։
Հիշեցնենք` ապրիլի 4-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
Հաջորդ օրը հրավիրած ասուլիսում Ղազարյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում ու այն համարում է անհիմն` որակելով որպես հետապնդում։
Ըստ ՊԵԿ քննչական մարմնի առաջադրած մեղադրանքի, 01.01.2015-11.01.2016թթ. ընթացքում «Սպայկա» ընկերությունը թաքցրել է ՀՀ ներկրված ապրանքների դիմաց հարկային պարտավորությունները` կեղծելով «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացված հարկի, տուրքի և այլ պարտադիր վճարների հաշվարկի հիմք հանդիսացող տեղեկությունները։
«Սպայկայի» չվճարած 7 մլրդ դրամը կարող է աճել. Անանյան
ՊԵԿ–ի տվյալով` «Սպայկան» պետական բյուջե չի վճարել 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:
«Սպայկա» ընկերության հիմնադիր–տնօրեն Դավիթ Ղազարյանը 2019թ–ի ապրիլի 8-ին ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել էր։ Մայիսի 4-ին Ղազարյանն ազատ էր արձակվել։
ԵԶԲ–ն դադարեցրել է «Սպայկայի» հետ կապված ներդրումային ծրագիրը