«Փյունիկը» Եվրոպայի լիգայում չի պարտվում. այս անգամ` հաղթանակ Գյումրիում

Առաջին կեսի վերջին վայրկյաններին «Փյունիկը» կարող էր և երրորդ գնդակը խփել, բայց վերջին փոխանցումը նպատակին չհասավ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Եվրոպայի լիգայի խաղարկությունում «Փյունիկը» երկրորդ անընդմեջ հանդիպումն անցկացրեց Գյումրիում: 

Ալեքսանդր Տարխանովը դարձավ Երևանի Փյունիկի գլխավոր մարզիչ
Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հայկական թիմը  2:1 հաշվով հաղթանակի հասավ չեխական «Յաբլոնեց» թիմի նկատմամբ:

«Փյունիկի» համար խաղը շատ լավ մեկնարկեց: Վեցերորդ րոպեին Էրիկ Վարդանյանը գնդակին տիրեց ու արագացումով անցավ երկու ֆուտբոլիստի, փոխանցում կատարեց Արթուր Միրանյանին, իսկ վերջինս գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը:

«Փյունիկը» շատ գրագետ ու տպավորիչ էր խաղում: Ֆուտբոլիստների տեղաշարժերը շատ լավ հստակեցված էին, ու մրցակիցը չէր հասցնում հասկանալ, թե որ ֆուտբոլիստը որ եզրով է գրոհելու: Այսպես խճճելով մրցակցին՝ մերոնք շատ շուտով հասան նոր հաջողության:

Արտյոմ Սիմոնյանը հարձակման աջ եզրով ճեղքեց մրցակցի պաշտպանությունն ու գնդակը կախեց դարպասային հրապարակ: Իսկ այստեղ Արթուր Միրանյանն իր շանսը բաց չթողեց. գլխի հարված՝ և 2:0:

«Փյունիկ»–«Շկուպի» «դրաման» Գյումրիում ավարտվեց խաղաղ արդյունքով

Առաջին կեսի վերջին վայրկյաններին «Փյունիկը» կարող էր և երրորդ գնդակը խփել, բայց վերջին փոխանցումը նպատակին չհասավ:

Երկրորդ խաղակեսում նախաձեռնությունն անցավ չեխերին: Ճնշում գործադրելով, մրցակիցը հանդիպման 52-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը Մարտին Դոլեժալի հարվածից հետո:

Ինչ-որ տեղ հյուրերը հասան իրենց նպատակին՝ գոլի հեղինակ դառնալով մրցակցի հարկի տակ անցկացված խաղում: «Յաբլոնեցը» շարունակում էր վտանգավոր գրոհել, բայց 2:1 հաշիվը հօգուտ «Փյունիկի»՝ մնաց անփոփոխ:

Պատասխան հանդիպումը կայանալու է մեկ շաբաթ անց, Չեխիայում:

Մակեդոնիայում հայկական օր է. «Ալաշկերտի» հաղթանակից հետո հաղթեց նաև «Փյունիկը»