Կրակոցներ Անկարայում. Բելառուսի դեսպանության խորհրդականը ծանր վիճակում է

Դեսպանության աշխատակցին վիրահատել են, բայց նրա վիճակը ծանր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Անկարայում հրազենային վնասվածքներ է ստացել Թուրքիայում Բելառուսի դեսպանության խորհրդական Ալեքսանդր Պոգանշևը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով դեսպանատան աղբյուրին։

Աղմկահարույց սպանություններ. երբ զոհը դեսպանն է կամ դիվանագետը

Նշվում է, որ նա հրազենային 4 վնասվածք է ստացել այն պահին, երբ որդու հետ քայլել է այգում։ Երեխան չի տուժել։

Այժմ դիվանագետը ծանր վիճակում է։ Նրան արդեն վիրահատել են։

Բելառուսի արտգործնախարարության մամուլի քարտուղար ԱՆատոլի Գլազի տվյալով` կրակողը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է եղել։

«Կրակողը վերադարձել է տուն ու ինքնասպանություն գործել»,– ասել է նա։

ԶԼՄ–ները հայտնում են, որ դիվանագետի վրա հարձակվել է նրա հարևանը, իսկ ագրեսիայի պատճառը եղել է կենցաղային վեճը։

Թուրքական ոստիկանությունը հետաքննությունն է սկսել։

Հիշեցնենք` 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ զինված տղամարդը կրակել էր Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի վրա: Կառլովին ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց: Ավելի ուշ նա մահացել էր: Կրակոցներ արձակած տղամարդը սպանվել էր: