Իրավիճակ չի՞ փոխվել. ՊՆ–ն շարունակում է գույք նվիրել ԵԿՄ–ին

ՀՀ կառավարությունը 70 մլն դրամի գույք ու սնունդ է նվիրել ԵԿՄ–ին` ուսումնամարզական ճամբարի կազմակերպման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշեց Երկրապահ կամավորականների միությանը որոշ գույք նվիրաբերել, որոշն էլ հանձնել անհատույց ժամանակավոր օգտագործման իրավունքով։ Նվիրաբերվող գույքը հիմնականում խոհանոցային ու անկողնային պարագաներ են` 70 310 434 դրամ ընդհանուր արժեքով։

ԵԿՄ–ն կզրկվի՞ պաշտպանության նախարարության աջակցությունից. պատասխանում է Տոնոյանը

Որոշումն ընդունվեց առանց զեկուցվելու և քննարկվելու, բայց կառավարության պաշտոնական կայքում հրապարակված նախագծից պարզ է դառնում, որ այն պայմանավորված է Երկրապահ կամավորականների միության եռասերունդ ուսումնամարզական ճամբարի կազմակերպման և գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ, որի նպատակը պատանիներին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելն է:

Որոշման նախագծում նշված է, որ ՀՀ զինված ուժերի անձնակազմի կերակրման կազմակերպումն իրականացվում է ՀՀ կառավարության 2015թ-ի որոշմամբ հաստատված չափաքանակների շրջանակում, որով նախատեսված չէ ԵԿՄ եռասերունդ ուսումնամարզական ճամբարի անձնակազմին ապահովել պարենային միջոցներով՝ պետական բյուջեի հաշվին: Միաժամանակ, ԵԿՄ եռասերունդ ուսումնամարզական ճամբարի անձնակազմին սննդամթերքով, սպասքով, գույքով, տեխնիկական և տնտեսական միջոցներով ապահովման համար ՀՀ ՊՆ ծախսային ծրագրերով պլանավորում չի իրականացվել: ԵԿՄ վարչության անդամների, ինչպես նաև եռասերունդ ուսումնամարզական ճամբարներում ներգրավված անձնակազմի համար իրային ապահովման սահմանված չափաքանակներ նույնպես չկան:

Վերոգրյալով պայմանավորված՝ Երկրապահ կամավորականների միության եռասերունդ ուսումնամարզական ճամբարի կազմակերպմանը աջակցելու և գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարության որոշմամբ կթույլատրվի ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը նվիրաբերել այդ կազմակերպության փաստացի օգտագործմանը հանձնված գույքը։

Էդ ի՞նչ ջիգյար եք կերել, սսկվեք. Սասուն Միքայելյանը զգուշացրեց նախորդ իշխանությանը

Հիշեցնենք` 2018թ–ին ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առանձնատան ու ԵԿՄ տարածքային կառույցների գրասենյակներին հայտնաբերվել էին մեծ թվով «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ» գրությամբ պահածոներ ու բանակի համար նախատեսված այլ գույք` ներքնաշորեր, թեյ, սուրճ, բժշկական և հիգիենայի պարագաներ, ծխախոտ, ինչպես նաև զենք։

Մանվել Գրիգորյանը, նրա կինը` Նազիկ Ամիրյանն ու որդին այս փաստերով մեղադրվում են այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով գույք ձեռք բերելու, յուրացնելու, պետական միջոցները վատնելու և առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը կազմակերպելու համար։

ԵԿՄ վարչությունը 2018թ–ի հունիսի 24–ին հրավիրած նիստում որոշել էր լիազորություններից զրկել Գրիգորյանին: 2019–ի ապրիլի 7–ին ԵԿՄ վարչության նիստ հրավիրվեց և վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվեց Սասուն Միքայելյանը։