«Ալաշկերտը» ձախողվեց Երևանում, ռումինական «Ստյաուան» խոշոր հաշվով հաղթանակ տարավ

Խաղի ընթացքն առաջին կեսում ոչ մի նման վտանգավոր հաշիվ չէր խոստանում մեր թիմին, իսկ 2–րդ կեսում իրավիճակը փոխվեց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» 0:3՝ խոշոր հաշվով պարտություն կրեց Ռումինիայի փոխչեմպիոն «Ստյաուայից» և, կարելի է ասել, որ թիմերի երկրորդ հանդիպումն արդեն պայմանական բնույթ է կրում:

Իսպանիան Իտալիային հաղթեց Հայաստանում և դուրս եկավ ԵԱ կիսաեզրափակիչ. լուսանկարներ

Խաղի ընթացքն առաջին կեսում ոչ մի նման վտանգավոր հաշիվ չէր խոստանում մեր թիմին: Հասկանալի է, որ ռումինական թիմը ավելի փորձառու է և խաղամակարդակով էլ միգուցե բարձր: Բայց մինչև ընդմիջում գոլային ռեալ պահերն ավելի շատ էին ռումինացիների դարպասի մոտ: Ու եթե դրանք օգտագործեին Ուրոշ Նենադովիչն ու Դանիլո Սեկուլիչը, դժվար է ասել, թե խաղն ինչպես կավարտվեր: Համենայնդեպս, հիմք կար ենթադրելու, որ երկրորդ խաղակեսը կարող է ավելի հաջող լինել «Ալաշկերտի» համար:

«Փյունիկը» Եվրոպայի լիգայում չի պարտվում. այս անգամ` հաղթանակ Գյումրիում

Բայց երկրորդ խաղակեսում, երբ Գագիկ Դաղբաշյանն ու դարպասապահ Օգնեն Չանչարևիչը «օգնեցին» մրցակցին հաշիվը բացելու գործում, ու «Ստյաուան» առաջ անցավ հաշվի մեջ, մեր թիմի խաղը «կոտրվեց»: Հաճախակի դարձան դիրքային սխալները, սեփական տուգանային հրապարակում մրցակցին առանց հսկողության թողնելը, իսկ «Ստյաուան» հենց դրան էլ սպասում էր: Յուլիան Կրիստյան և Ֆլորինել Կոմանն իրենց առավելությունը զարգացրին մինչև 3:0 ու պատասխան խաղից առաջ կարելի է ասել լուծեցին հաջորդ փուլում հանդես գալու խնդիրը:

Հիշեցնենք, որ այսօր Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Գյումրիում 2:1 հաշվով հաղթանակի էր հասել չեխական «Յաբլոնեց» թիմի նկատմամբ: