ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Հրապարակվել է Վենետիկի 76–րդ կինոփառատոնի ֆիլմացանկը։ Կինոփառատոնում այս տարի կներկայացվեն հայազգի երեք ռեժիսորների ֆիլմեր։ Այս մասին տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքից։
Ի դեպ, փառատոնն այս տարի տեղի կունենա օգոստոսի 28–ից սեպտեմբերի 7–ը։
Հիմնական մրցութային ծրագրում փառատոնի գլխավոր մրցանակի`«Ոսկե առյուծի» համար անվանի ռեժիսորների կողքին կպայքարեն նաև հայազգի անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանն իր «Պատվավոր հյուր» ֆիլմով և Ռոբեր Կետիկյանը`«Gloria Mundi» ֆիլմով։
Այս անվանակարգում ներկայացված են նաև այնպիսի ռեժիսորների ֆիլմեր, ինչպիսիք են`Ռոման Պոլանսկին, Սթիվեն Սոդերբերգը, Ռոյ Անդերսոնը և այլք։
«Չեմ ուզում դատող լինել»․ անկեղծ զրույց Դիանա Մալենկոյի հետ
Արտամրցույթային բաժնում ներկայացված կլինի Երվանդ Ջանիկյանի «Անժելայի օրագիր» ֆիլմի 2–րդ մասը։
Փառատոնը կմեկնարկի նախորդ տարվա`Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» արժանացած «Խանութի գողերը» ֆիլմի ռեժիսոր Հիրոկաձու Կորեեդայի նոր`«Ճշմարտություն» ֆիլմով։ Ֆիլմում հանդես կգան Կատրին Դընյովը և Ժյուլիետ Բինոշը։
Արգելված կադրերը հասանելի են. Երևանում ցուցադրվեց Փարաջանովի «Նռան գույնի» մոնտաժված մասը
Փառատոնի պատվավոր ժյուրին կգլխավորի արգենտինացի կինոռեժիսոր և սցենարիստ Լուկրեցիա Մարտելը։