Վայոց Ձորում ավտոմեքենայով հետապնդել են մայր արջին ու երկու քոթոթներին. տեսանյութ

Համացանցում կենդանիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հերթական դրսևորման մասին վկայությունն է հրապարակվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 Հուլիս — Sputnik. Վայոց Ձորի մարզում անհայտ անձինք, վայրի բնության մեջ արջերի հանդիպելով, ավտոմեքենայով հետապնդել են կենդանիներին։ Դատելով տեսանյութից` վայրի կենդանիները սարսափահար փախչում են իրենց հետապնդողներից։

«Քշի վրեքները, թող տան ավտոն ջարդեն։ Կջարդեն, չէ՞։ Նայի ինչ լավ են, չէ՞ բայց, էս ո՞ւր են սենց գնում, արա»,– տեսանյութում լսվում է ավտոմեքենայում գտնվողների զրույցից որոշ հատվածներ։

Բրիտանացի և հայ մասնագետները Դաշային և նրա քոթոթներին բաց են թողել Հայաստանի անտառներում

Նշենք, որ հենց ավտոմեքենայի միջից նկարահանված տեսանյութը հրապարակվել է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի Facebook-ի էջում։ Ըստ հրապարակման, հետապնդման ենթարկված արջերը ամիսներ առաջ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ( FPWC) - ի կողմից փրկված ու վայրի բնություն բաց թողնված կենդանիներն են։

«Տեսանյութում հեռակառավարվող տեղորոշման վզկապ է երևում արջի վզին, ինչը կարող է հաստատել այս վարկածը»,– նշված է հրապարակման մեջ։

Տեղեկացվում է նաև, որ տեսանկարահանումն իրականացվել է Վայոց Ձորի մարզի Գնիշիկ համայնքի ճանապարհին։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ տեղյակ են տեսանյութի հրապարակման մասին։ Իսկ այլ մանրամասներ խոստացան հայտնել ավելի ուշ։