Օսիպյանը մանրամասներ է ներկայացնում Մասիվցի Անդիկի սպանությունից

Քրեական հեղինակության սպանությունը պատվիրված է, կա պատվիրատու ու կատարող։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Քրեական հեղինակություն Մասիվցի Անդիկի` Անդրանիկ Հարությունյանի սպանությունը պատվիրված էր։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը` հավելելով, որ այդ հանցագործության հետևում կա և՛ պատվիրատու, և՛ կատարող:

Մասիվցի Անդիկի սպանության գործով քրեական հեղինակություններ են հարցաքննվել. «Ժողովուրդ»

Օպերատիվ քննչական գործողությունների կատարման ընթացքից ելնելով` ոստիկանապետը չցանկացավ այս պահին այլ մանրամասներ բացահայտել։

«Ինչ վերաբերում է Մասիվցի Անդիկի սպանությանը, այս գործի վերաբերյալ շուտով հանրությանը մանրամասներ կներկայացնենք», - խոստացավ Օսիպյանը։

Անդրադառնալով քրեական հեղինակությունների թեմային ընդհանրապես՝ Վալերիյ Օսիպյանը վստահեցրեց, որ ոստիկանությունը լիարժեք տիրապետում է իրավիճակին, բայց այդ երևույթի դեմ անզոր է։

«Հնարավոր չէ, որ մեր առօրյայից նրանք վերանան», - ասաց ոստիկանապետը:

«Գործընկերներից» ում է հանդիմանել Մասիվցի Անդիկը, և ի՞նչ կապ ունի Վլադիմիր Գասպարյանը

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝ ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածից։ Ոստիկանության փորձաքրեագետների և քննչական կոմիտեի ծառայողների կողմից դեպքի վայրը մանրակրկիտ զննվել է։ Մասիվցի Անդիկի` Անդրանիկ Հարությունյանի սպանության վայրում հայտնաբերվել են պարկուճներ, 1 փամփուշտ, արնանման հետքեր։