Մահացած զինծառայող Վոլոդյան 7 ամիս առաջ էր զորակոչվել բանակ. նոր մանրամասներ

Մահացած զինծառայողն օրեր առաջ էր արձակուրդից զորամաս մեկնել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Այսօր մահացած զինծառայող  Վոլոդյա Գալոյանը Արագածոտնի մարզի Արագածոտն համայնքից էր,նա 7 ամիս առաջ էր զորակոչվել բանակ:

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտն համայնքի ղեկավար Մելսիկ Ղազարյանը:

Արծրուն Հովհաննիսյանը պատմեց Արցախում տիրող իրավիճակի մասին

«Վոլոդյան ընդամենը 7 ամսվա զինծառայող էր, վերջերս էր արձակուրդ եկել, քանի որ  հուլիսի 11-ին նրա պապիկի մահվան տարելիցն էր: Զորամաս օրեր առաջ էր վերադարձել»,- ասաց Ղազարյանը: Նրա խոսքով տղան ապրում էր հոր և մոր հետ: Ունի քույր, որն ամուսնացած է: Ընտանիքը սոցիալապես անապահով է: Ըստ Ղազարյանի` տղայի հայրն արտագնա աշխատանքի էր մեկնում ընտանիքի հոգսերը հոգալու համար:

Արցախում 19–ամյա զինվոր է մահացել

Ինչպես արդեն հայտնել էինք, 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ հանգամանքներով:

Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո Վ.Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո՝ 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել է վերջինիս դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, կողքին ընկած նրա ինքնաձիգը: