Հերթական ինքնափլուզումը Գյումրիում. շենքը վտանգավոր է և՛ բնակիչների, և՛ անցորդների համար

Գյումրիում վթարային շենքերի խնդիրն օր օրի ավելի է սրվում։ Մարզային կառույցը սպասում է կառավարության պատասխանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Հերթական ինքնափլուզում է  գրանցվել Գյումրիում: Այս անգամ` հուլիսի 22–ին, փլուզվել է Գյումրու Տիգրան Մեծ 5 շենքի երկրորդ հարկի բնակարանի պատշգամբի բետոնե հատակը: Բարեբախտաբար,  զոհեր ու վիրավորներ չկան: Փրկարարական վարչության աշխատակիցները տարածքը սահմանազատել են: Շենքը վտանգավոր է ոչ միայն բնակիչների, այլ նաև անցորդների  համար:

Հերթական ինքնափլուզումը Գյումրիում. շենքը վտանգավոր է և՛ բնակիչների, և՛ անցորդների համար

Այս շենքն ընդգրկված է մարզում առաջնահերթ  լուծում պահանջող 114 վթարային բնակելիների շարքում: Շիրակի  մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինական բաժնի գլխավոր մասնագետ  Մկրտիչ Ասատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ հիմնանորոգման համար այս բնակելին միշտ առաջնահերթ  է համարվել:

Հերթական ինքնափլուզումը Գյումրիում. շենքը վտանգավոր է և՛ բնակիչների, և՛ անցորդների համար

«Գումար լինելու դեպքում առաջնահերթ այս շենքն է հիմնանորոգվելու: Շենքում նախկինում էլ եղել են փլուզումներ: Փլուզվել էին 3-րդ հարկի փայտյա կոնստրուկցիաները: Մենք երկու առանձին մասով ներկայացրել ենք շենքի վերականգնման ծրագիրը: Այս պահին սպասում ենք կառավարության պատասխանին: Պատշգամբները 4-րդ աստիճանի վթարային են, արդեն ենթակա են քանդման»,- նշեց Մկրտիչ Ասատրյանը:

Հերթական ինքնափլուզումը Գյումրիում. շենքը վտանգավոր է և՛ բնակիչների, և՛ անցորդների համար

Ի դեպ, սեյսմիկ ծառայության եզրակացությամբ շենքը  մասնակի 4-րդ և 3-րդ աստիճանի վթարային է՝ պատշգամբները 4-րդ աստիճանի են, այսինքն՝ ենթակա են քանդման, մնացած մասը 3-րդ աստիճանի է: Շենքն ունի 24 բնակարան, բայց ոչ բոլորն են բնակեցված: Դրա նորոգման համար մոտավորապես անհրաժեշտ  է 200 մլն դրամ: «Բայց գումարի չափն ավելի հստակ հնարավոր կլինի ասել հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելիս»,-նշեց Մկրտիչ Ասատրյանը։

Հերթական ինքնափլուզումը Գյումրիում. շենքը վտանգավոր է և՛ բնակիչների, և՛ անցորդների համար

Հավելենք, որ Տիգրան Մեծի 5 շենքը երկու մասից է  բաղկացած, մի հատվածը տարիներ  առաջ ամրացվել է Լինսի հիմնադրամի բնակարանաշինական ծրագրով: