ՌԱԴԻՈ

Եթե Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի, այս իշխանությունը կտապալվի. Սարգսյան

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Իջևանում տեղի ունեցած միջադեպերի, գործող իշխանության սխալների, ինչպես նաև Ստամբուլյան աղմկահարույց կոնվենցիայի մասին։
Sputnik

Խոսելով Իջևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին՝ Սարգսյանը նշում է, որ երկխոսություն կազմակերպելու փոխարեն՝ «ռեպրեսիվ ապարատը կրկին դիմում է պատժամիջոցների»։

«Գործող իշխանությունը պետք է այնպիսի քաղաքականություն վարի, որ քաղաքացուն հույս ներշնչի իր ապագայի հանդեպ»,- կարծում է Սարգսյանը և հավելում, որ պետությունը պետք է զարգացման տանող բոլոր ռեֆորմներին մասնակից լինի, և պետության դերը պետք է անհամեմատ բարձրանա։

Կաթողիկոսն ու արդարադատության նախարարը քննարկել են «Ստամբուլյան կոնվենցիան»

Անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային՝ Սարգսյանը վստահեցնում է, որ այն ոչ մի աղերս չունի մարդու իրավունքների հետ։ «Ուզում եմ բացահայտ ասել՝ դա ոչ մի կապ չունի մարդու իրավունքների հետ, քանի որ մարդու իրավունքները ամրագրված են Սահմանադրության մեջ և վերաբերում են բոլորին»,-ասում է նա։

«Ուզում եմ, որ մեր ժողովուրդը իմանա՝ կառավարությունը այսպիսի օրենք ընդունելու համար փող է ստանում: Շահագրգիռ կողմը մեծ գումարներ է տալիս նմանատիպ բարքերը Հայաստան ներմուծելու համար»,- պնդում է Սարգսյանը, համոզմունք հայտնելով, որ եթե Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի՝ այս իշխանությունը կտապալվի։