Զինվորներին ավելի լավ կկերակրեն. Տոնոյանն առաջընթաց է խոստանում զինված ուժերում

Արդեն մի քանի ամիս փորձնական ծրագրի շրջանակում մասնավոր ընկերությունը որոշ զորամասերի համեղ և բազմազան սնունդով է ապահովում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Մասնավոր ընկերությունների կողմից զինվորներին պարենամթերք մատակարարելու փորձնական ծրագիրը կբարձրացնի սննդի որակը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Ինչպես է աշխատում Ադրբեջանի հետ անմիջական կապը. բացատրում է պաշտպանության նախարարը

Հայաստանի կառավարությունն այս տարվա փետրվարի 21–ին որոշում է ընդունել բանակի պարենամթերքի գնումների գործընթացում փոփոխություն մտցնելու մասին։ Եթե մինչև հիմա այդ հարցերով զբաղվել են զինված ուժերը, ապա հիմա այդ գործընթացին կմիանա նաև մասնավոր հատվածը։

Ինչպես նշեց նախարարը, ծրագիրը տվյալ պահին գործում է չորս զորամասերի համար։ Շուտով կմիանա նաև 5–րդ զորամասը, որը հեռու է գտնվում և մարտական հերթապահություն է իրականացնում։ Նրա խոսքով`  պարենամթերք առաքելու և սննդի կազմակերպման մրցույթը հաղթել են վեց ընկերություն, որոնք աշխատանքի հավասար պայմաններ ունեն։

Մեկնաբանելով լուրերն այն մասին, թե ընկերությունը պատկանում է Տոնոյանի մտերիմներին` նախարարը նշեց, որ նման շահարկումներ անում են մրցույթում պարտված ընկերությունների ներկայացուցիչները։

Ժամանակին չկարողացանք պարզել հոգեվիճակը. Տոնոյանը` զինվորի ենթադրյալ ինքնասպանության մասին

«Հիմա սննդի կազմակերպմամբ զբաղվում է միայն մեկ ընկերություն։ Երբ մնացած հինգ կազմակերպություններն անցնեն գործի, ծրագրին միացած զորամասերն արագ կավելանան», – հավելեց նախարարը։

Այն հարցին, թե արդյոք դա ռազմական գաղտնիքի խախտում չէ այն առումով, որ մասնավոր ընկերությունները տեղեկություն են ստանում զինծառայողների թվի մասին, Տոնոյանը նշեց, որ այդ կազմակերպություններն ամբողջական պատկեր չունեն։ Նա հավելեց, ընկերությունները հատուկ թույլտվություն են ստացել ԱԱԾ–ից։

Միաժամանակ առայժմ ոչ ոք չի կարող ասել, թե որ տարբերակն ավելի թանկ կնստի պետության վրա` սննդի կազմակերպման նախկին համակարգը, թե առաջարկվողը։ Տոնոյանի խոսքով` համեմատական վերլուծություն կարող են անել միայն երեք տարի անց։ Բայց նոր համակարգը թույլ է տալիս ապահովել ավելի որակյալ սնունդով։