Ատոմակայանի հիմնանորոգումը ձգձգվում է. Հայաստանն ու Ռուսաստանը կհետաձգեն վարկի մարումը

Աշխատանքները պետք է ավարտվեին մինչ տարեվերջ, բայց կտևեն մինչև 2020 թվականի ավարտը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Հայաստանի ու Ռուսաստանի ֆինանսների նախարարություններն առաջիկայում կքննարկեն Հայկական ատոմային էլեկտրակայանի արդիականացման վարկի երկարացման հարցը։

Երևանը խնդրել է մեծացնել ԱԷԿ–ի արդիականացման վարկի մարման ժամկետը
Այս մասին «Ռոսատոմ սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովն ասել է ռուսական «Ստրանա Ռոսատոմ» թերթին տված հարցազրույցում։

«Ռոսատոմի» կառավարման ներքո գտնվող «Ռոսատոմ սերվիս» ընկերությունն ատոմակայանի հիմնանորոգման գլխավոր կապալառուն է։ Աշխատանքն իրականացվում է Ռուսաստանի կառավարության տրամադրած մինչև 270 միլիոն դոլար վարկային գծով (15 տարի ժամկետով) ու 30 միլիոն դոլարի դրամաշնորհով։ Ֆինանսավորման համաձայնագիրը կնքվել է 2014 թվականին։ Նախատեսվում էր, որ աշխատանքն ավարտվելու է մինչև 2019 թվականի վերջը։

«Աշխատանքի ընթացքում լրացուցիչ խնդիրներ են առաջացել, և ՀՀ ֆինանսների նախարարությունը դիմել է ՌԴ ֆինանսների նախարարությանը՝ խնդրելով երկարացնել վարկավորումը մինչև 2021 թվականը։ «Ռոսատոմը» սատարել է նախաձեռնությանը, քանի որ մենք սթափ ենք գնահատում աշխատանքի ծավալը։ Առաջիկայում երկու երկրների ֆինանսիստները որոշում կկայացնեն»,- ասել է Սալկովը։

Նշենք, որ անցած տարվանից սկսած՝ ԱԷԿ-ում փոխում են գեներատորներով տուրբինները։ Հաջորդ տարի ուզում են ամրացնել ռեակտորի մետաղական պատը, որի վրա թրծում կկատարվի։

Նախատեսվում էր, որ Հայաստանը վարկի մարումը սկսի կայանի  վերանորոգման ավարտից հետո։

Ռուսաստանը ԱԷԿ–ի վարկի համար Հայաստանին տարկետում կտա. էներգետիկայի նախարար
Դրանցի հետո այն տարեկան մի քանի հարյուր միլիոն կվտ/ժ ավելի շատ էներգիա է արտադրելու, ինչը և թույլ կտա մարել վարկը։  Քանի որ աշխատանքը մեկ տարի ուշ կավարտվի՝ վարկի մարումն էլ պետք է մեկ տարով հետաձգել։

Հիշեցնենք` ատոմակայանն ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 35-40%–ը։ 2017 թվականին կայանը մոտ 2,4 միլիարդ կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա է արտադրել` Հայաստանի էլեկտրաէներգիայի գրեթե 38%–ը։ Հիմա կայանը հիմնանորոգում է անցնում` շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարացվելու համար։