ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Երեկ Արմավիրի Սարդարապատ համայնքում ողբերգական դեպք է տեղի ունեցել. 18–ամյա մի տղա է հոսանքահարվել ու տեղում մահացել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին «Արմավիրի» ԲԿ–ից։
«Տղան` 17–ամյա Էրիկը, հիվանդանոց է տեղափոխվել հուլիսի 21–ին, ժամը 20։10` արդեն էլեկտրահարված և մահացած վիճակում»,–հայտնեցին հիվանդանոցից։
Սարդարապատի համայնքապետ Բաբկեն Վարդանյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ Էրիկն ապրում էր ծնողների հետ։ «Տղան այս տարի 12–րդ դասարան պետք է տեղափոխվեր։ Նա իրենից փոքր քույր ունի։ Իր հայրը մեքենաների վերանորոգման գործով էր զբաղվում, բայց ինքը փոքր էր, դասերով ու գյուղի գործերով էր զբաղվում։ Գիտենք, որ ոտքը դրել է բաց լարի վրա ու հոսանքահարվել։ Շատ լավ տղա էր, ընտանիքին շատ էր օգնում»,–ասաց համայնքի ղեկավարը։
Մեր տեղեկություններով` Էրիկի հայրը մասնագիտությամբ ավտոէլեկտրիկ է։ Երեկ՝ ժամը 19-ի սահմաններում, հայր ու որդի այցելել են իրենց համագյուղացիներից մեկի տուն՝ նրա մեքենայի անսարքությունը վերացնելու։ Ավտոտնակում բաց մալուխ է եղել, երիտասարդն անզգուշաբար ոտքը դրել է բաց հաղորդալարի վրա ու հոսանքահարվել։ Տղայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ապա նա կորցրել է գիտակցությունը։ Նրան, ինչպես հայտնեցինք, հիվանդանոց են տեղափոխել արդեն իսկ մահացած վիճակում։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դժբախտ պատահար. փրկարարներին չի հաջողվել փրկել 17-ամյա պատանու կյանքը