Բղավել են, հայհոյել, վնասել կանգառի թիթեղյա ծածկը. մանրամասներ իջևանյան դեպքերից

Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել հուլիսի 17-ին Իջևանում տեղի ունեցած դեպքերի մասին: Ի՞նչ մեղադրանքներ են առաջադրվել բողոքի ակցիայի մասնակիցներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Իջևանում ծառահատումների դեմ բողոքի ակիայի ընթացքում տեղի ունեցած դեպքերով մեղադրվող 13 անձանց վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ Քննչական կոմիտեն մանրամասնել է, թե ինչ արարքների համար են առաջադրվել մեղադրանքները։

Իջևանում միայն մտրակ կիրառելն էֆեկտ չի ունենա. ինչպիսի «բլիթներ» պիտի կիրառի պետությունը

«Հուլիսի 17-ին՝ ժամը 18-ից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով, փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան  փողոցների հատման խաչմերուկի հատվածը, խուլիգանական դրդումներով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Իջևան քաղաքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ, բղավել, հայհոյել են, վնասել նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ բողոքի ակցիայի մասնակիցները բռնություն են գործադրել, որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի և մահակների գործադրմամբ մարմնական վնասվածքներ են պատճառել ծառայություն իրականացնող իշխանության ներկայացուցիչների` ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` չենթարկվելով հանցավոր գործողությունները դադարեցնելու՝ նրանց օրինական պահանջին։

Ըստ հաղորդագրության՝ ոստիկանների նկատմամբ գործադրվել է ինչպես կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր, այնպես էլ՝ վտանգավոր բռնություն:

Այս փաստերի հիմքով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ. կատարվել են հարցաքննություններ և առերեսումներ, օրենքով սահմանված կարգով իրականացվել են մոտ երեք տասնյակ խուզարկություններ:

Բախում Իջևանում. ինչ են ուզում իշխանությունն ու փայտի միջոցով փող վաստակող մարդիկ

Արդյունքում, ինչպես արդեն հայտնել ենք՝ մեղադրանք է առաջադրվել 13 անձի, որոնցից 10–ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 2-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, 1-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել ևս մեկ անձի (ծնված 1974թ.) ձերբակալման մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ հունիսի 17–ին փայտի գործով զբաղվողները փակել էին Մ4 միջպետական ճանապարհը` բողոքելով փայտի գնից։ Երեկոյան ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել։ Ոստիկանությունը լրացուցիչ ուժեր էր տեղափոխել Իջևան` իրավիճակը վերահսկելու նպատակով։ Իջևան էր մեկնել նաև ոստիկանության ղեկավար կազմը` ոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ։

Իջևանում տեղի ունեցած անկարգությունների համար 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ