Ինչպես են տարհանել Մոսկվա–Երևան չվերթի ուղևորներին. նոր տեսանյութ

Գործարար Վահրամ Միրաքյանի եղբայրը եղել է այն օդանավում, որը ծխի պատճառով ընդհատել է թռիչքը։ Նա տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են տարհանել օդանավի ուղևորներին։
Sputnik

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Boeing 737 ինքնաթիռով Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ օդանավի սրահում ծխի առկայության պատճառով ուղևորներին տարհանել են փչովի սանդուղքով։ Տարհանման ընթացքը երևում է գործարար Վահրամ Միրաքյանի` Facebook–ում հրապարակած տեսանյութում։

«Քանի որ էսօրվա վթարված Նորդվինդի ինքնաթիռում եղբայրս է եղել, կադրեր կան էվակուացիայից։ Ասում է` առաջին անիվն օդ է բարձրացել, մեջտեղի մասից սև ծուխ է լցվել ինքնաթիռն ամբողջությամբ»,– գրել է նա։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ «Nordwind Airlines» ավիաընկերության ինքնաթիռում եղել է 187 մարդ, տուժել են 10-ը, որոնցից երկուսը հոսպիտալացվել են։

«Ծուխ լցվեց, բոլորը սկսեցին գոռալ». Մոսկվա–Երևան չվերթի ուղևորը մանրամասներ է պատմում

Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունն էլ տեղեկացրել էր, որ ինքնաթիռում եղել է 179 մարդ (173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ): Տեղեկություն էր տարածվել նաև, որ տուժել է 8 մարդ։

Օդանավի թռիչքն ընդհատվել է թափավազքի ժամանակ և իրականացվել է ուղևորների տարհանում:

Ավիաընկերությունը փոխարինել է ինքնաթիռը, չվերթը բարեհաջող իրականացվել է։ Օդանավը վայրեջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:

Ըստ տեղեկությունների` մարդիկ տուժել են հրմշտոցի ժամանակ։