ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր։ Հարուցվել է քրեական գործ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից։
Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները`ՊԵԿ աշխատակիցները Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում գործող դեղատներից մեկի նկուղային հարկից հայտնաբերել են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր, այդ թվում՝ նախատեսված քաղցկեղի բուժման համար:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի հետաքննության ընթացքում դեղատան տարածքում կատարվել է զննություն, որի ընթացքում դեղերը վերցվել են հետագա հետազոտման նպատակով: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանցագործությանը մասնակից անձանց, ինչպես նաև հիշյալ դեղերի ձեռքբերման աղբյուրները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: