Մանկատներին ու ծերանոցներին կարագի ու կաթնաշոռի անվան տակ այլ բան է մատակարարվել

«ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ի նկատմամբ կկիրառվեն պայմանագրով նախատեսված բոլոր պատժամիջոցները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի-Sputnik. Հանրապետության մի քանի մանկատներին, տուն-ինտերնատներին ու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոններին մատակարարված կարագն ու կաթնաշոռը, պարզվել է՝ հեռու են կարագ ու կաթնաշոռ լինելուց: 

Շքեղ ծերանոց` խղճուկ տան փոխարեն. երբ է ծերերի աչքերում կորչում ուրախության փայլը

Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Նախարարությունը փորձաքննության է ուղարկել «ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ի կողմից նախարարության ենթակայության տակ գործող հաստատություններին մատակարարվող կաթնաշոռը և կարագը:

««Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայի կողմից իրականացված փորձաքննության արդյունքներից պարզվել է, որ կաթնաշոռի անվան տակ հաստատություններին մատակարարվող արտադրանքը ոչ միայն չի համապատասխանել նախարարության և ՍՊԸ-ի միջև կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին, այլև իր որակական հատկանիշներով խիստ տարբերվել է ընդունված նորմատիվներից»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ նախարարությունը  հետամուտ է եղել, որպեսզի մեկ օրվա ընթացքում հաստատություններին մատակարարվող արտադրանքը փոխարինվի տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխանող կաթնաշոռով:

«Ես գրեթե ամեն ինչ ունեմ». մանկատան սանը չի բողոքում, հաղթահարում է

Բացի այդ, նախատեսվում է «ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառել պայմանագրով նախատեսված բոլոր պատժամիջոցները:

Նշենք, որ տվյալ ընկերությունը մատակարարում է իրականացրել «Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը», «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն», «Երևանի «Մանկան տուն», «Նորքի տուն-ինտերնատ», «Երևանի N 1 տուն-ինտերնատ» և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ներին: