Իջևանի անկարգությունների դեպքով 13 անձ է ձերբակալվել

Եվս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. 13 անձ է ձերբակալվել Իջևանի անկարգությունների դեպքով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

ՀՀ քննչական կոմիտե ստացվել և վարույթ է ընդունվել Իջևան քաղաքում Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

«Մեր մոտեցումը միանշանակ է և անդրդվելի». Տավուշի մարզպետը խոսել է. տեսանյութ

2019 թվականի հուլիսի 17-ին, ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը:

Այդ ընթացքում՝ ժամը 20:30-ի սահմաններում, մի խումբ անձինք, խուլիգանական դրդումներով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Իջևան քաղաքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ, բղավել, հայհոյել են, վնասել նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, գործադրել բռնություն:

Մասնավորապես, բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի և մահակների գործադրմամբ մարմնական վնասվածքներ են պատճառել հասարակական կարգի ապահովման նպատակով հիշյալ վայրում ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներին և չենթարկվելով վերը նշված հանցավոր գործողությունները դադարեցնելու նրանց օրինական պահանջին, ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, գործադրել են ինչպես կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր, այնպես էլ՝ վտանգավոր բռնություն:

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով 13 անձ տեղափոխվել են հիվանդանոց

Կազմվել է քննչական պլան, կատարվել և կատարվում են անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է թվով 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու, նրանց գործողությունները անհատականացնելու, նրանց ինքնությունը պարզելու և գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 17–ին Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել էին միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ են հայտնվել: Երեկոյան ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ էին գրանցվել, կան վիրավորներ։