ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Չեմպիոնների լիգայի որակավորման 1–ին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ- Արմենիան» 1։3 հաշվով պարտություն կրեց Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ–ից։
Առաջին խաղակեսում մեր տղաներին հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը։
Երկրորդ կեսում շվեդները բացեցին հաշիվը, զարգացրին իրենց հաջողությունն ու այս խաղում հաղթանակի հասան 3:1 հաշվով, իսկ դիմակայությունում` 4:3 հաշվով:
ԱԻԿ - «Արարատ-Արմենիա» պատասխան խաղից առաջ տարբեր կարծիքներ էին հնչում դիմակայության վերջնական արդյունքի վերաբերյալ: Այն, որ Հայաստանի չեմպիոնին հեշտ չի լինելու, պարզ էր առաջին խաղից հետո, բայց մեր թիմն էլ հեշտ մրցակցություն թույլ չտվեց մրցակցին:
Շվեդներն առաջին խաղի համեմատ մի քանի փոփոխություններ էին կատարել մեկնարկային կազմում ու, բնականաբար, խաղի սկզբից գնացին առաջ` իրենց բախտը որոնելու համար: «Արարատ-Արմենիան» չէր պատրաստվում միայն պաշտպանվել: Եղան հակագրոհներ, որոնք ունեցան իրենց տրամաբանական ավարտը՝ հարված դարպասին: Բայց, այնուամենայնիվ, առավելությունը մրցակցի կողմն էր: Չնայած գոլային պահեր որպես այդպիսին չունեին ոչ մերոնք, ոչ էլ ԱԻԿ-ը: Առաջին կեսի վիճակագրությամբ` մերոնք նույնիսկ առավելություն ունեին հարվածներով՝ 7-ը 3-ի դիմաց, բայց երկու կողմերն էլ ընդամենը մեկ դիպուկ հարված էին կատարել:
Մեզ համար բավականին լավ ընթացող խաղի երկրորդ կեսը սկսվեց ցավալի պահով: Շվեդների կազմում խաղի 47-րդ րոպեին Հենոկ Գոյտոմը բացեց խաղի հաշիվնն ու «Արարատ-Արմենիան» արդեն երկու խաղերի արդյունքով, չնայած ոչ ոքիին, պարտվում էր մրցակցին, քանի որ շվեդները մեկ գնդակ խփել էին Հայաստանում կայացած խաղում: Սակայն ԱԻԿ-ը այդքանով չբավարարվեց: Հինգ րոպե անց նույն Գոյտոմը կրկնապատկեց շվեդների առավելությունը: Իսկ 62-րդ րոպեին դիմակայության ելքը վճռվեց: «Արարատ-Արմենիայի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց, որն էլ հստակ իրացրեց Սեբաստիան Լարսոնը:
Մեր թիմի համար, անկասկած, հույս էր Անտոն Կոբյալկյի խփած գնդակը հանդիպման 77-րդ րոպեին: Արդեն պարտվում էինք 1:3, բայց ևս մեկ գոլ խփելու դեպքում «Արարատ-Արմենիան» կարող էր շարունակել պայքարը Չեմպիոնների լիգայում: Սակայն ավելին անել Վարդան Մինասյանի թիմին չհաջողվեց:
Ֆուտբոլը տոն է, ԵՎՐՈ-2019-ը՝ առավել ևս, բայց կիսադատարկ ստադիոնով ի՞նչ տոն
Այսպիսով` «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայում իր դեբյուտը նշեց հաղթանակով, բայց պարտությամբ ու դուրս մնաց այս խաղարկությունից։ Հայաստանի չեմպիոնը շարունակելու է հանդես գալ արդեն Եվրոպայի լիգայի խաղարկությունում, որտեղ որակավորման երկրորդ փուլում հյուրընկալելու է Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպս» թիմին: