Զգուշացեք. խաբում են. Հայաստանի բջջային օպերատորներից մեկը հաքերների թիրախում է հայտնվել

Ինտերնետային խարդախները նախկինում «թաքնվում էին» այնպիսի ապրանքանիշների տակ, ինչպիսին են Gmail–ը, Google–ը, իսկ այսօր նրանց գործունեությունն աստիճանաբար լոկալ բնույթ է ստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի բջջային և ինտերնետային օպերատոր Ucom ընկերությունը հայտնվել է հաքերների թիրախում։

iPhone-ն այրվել է երեխայի ձեռքերում․ տեսանյութ

Հաքերներն օպերատորի անունից հաղորդագրություններ են տարածում, որոնցում գրված է, թե օգտատերն իբր սմարթֆոն է շահել։ «Շահումների» թվում նշվում են iPhone-X, Samsung Galaxy S10 սմարթֆոնները, ինչպես նաև iPad Pro պլանշետները։ Հաղորդագրության հեղինակներն առաջարկում են «շահած» սարքերը ստանալու համար ուղարկել անձնական և բանկային տվյալները։

Նման հաղորդագրություններից մեկի սքրինշոթը Facebook սոցցանցի իր էջում հրապարակել է Ucom-ի PR-ի և կոմունիկացիայի գծով ծրագրերի ղեկավար Դիանա Մնացականյանը։

Նրա խոսքով` ինչ-որ տարօրինակ հասցեից անհայտ անձինք փորձում են խարդախություն անել, օգտագործելով հայտնի բրենդի անունը, և որսալ մարդկանց անձնական տվյալները։ Մնացականյանը նշում է, որ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում պետք է դրանք անտեսել։ Ucom–ի մասնագետներն այժմ զբաղվում են խնդրով` փորձելով գտնել այդ հաղորդագրությունների աղբյուրը։

Նիկոլ Փաշինյանի ֆեյք նամակը` Արցախը հանձնելու մասին. գնահատականներ

Մնացականյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց, որ հաղորդագրություններ կարող են գալ ցանկացած կայքից։ Օգտատերը բացում է այս կամ այն պորտալը, և այդ պահին «շահումի մասին» հաղորդագրությամբ պատուհան է հայտնվում։ Ընդ որում, նշանակություն չունի, թե որ պրովայդերի կամ զննարկիչի ծառայություններից է օգտվում մարդը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով` նման հաղորդագրությունների կոնկրետ աղբյուրները գտնելը հեշտ գործ չէ։ Սակայն ընդհանուր առմամբ վերջին շրջանում խարդախության նման փորձերի քանակի աճի միտում է նկատվում։ Շահելու մասին հաղորդագրությունները պարբերական բնույթ ունեն։ Եվ եթե նախկինում հաղորդագրությունները գալիս էին գլոբալ խաղացողների անունից` Gmail, Google, ապա այսօր խարդախների գործունեությունն աստիճանաբար լոկալ է դառնում։

Samsung–ը կրկնակի տեսախցիկով պլանշետ է պատրաստում. լուսանկարներ

«Այդ տեղայնացումը, ցավոք, ավելի արդյունավետ է. միամիտ օգտատերերն ավելի շուտ են ուտում խայծը, երբ նրանց հաղորդագրություն ես ուղարկում հայտնի, կարևորը` տեղային ապրանքանիշների անունից», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Ucom–ի անունից հաղորդագրությունը տեղական խարդախությունների փորձի առաջին դեպքը չէ։ Անցյալում հաղորդագրություններ էին ուղարկվում Հայաստանի ոստիկանության անունից և պահանջում էին տուգանք վճարել պոռնոգրաֆիկ կայքեր դիտելու համար։

Փորձագետի խոսքով` մարդիկ պետք է միշտ հիշեն, որ համացանցում երբեք, ոչ մի տեղ և ոչ մի հանգամանքներում հնարավոր չէ iPhone կամ գումար շահել։

«Այս կանոնը պետք է ականջի օղ անել։ Իհարկե, այս դեպքում խնդիրն այն է, որ հաղորդագրությունը տարածվում է հայտնի օպերատորի անունից, և շատ մարդիկ կարող են խաբեության զոհ դառնալ։ Սակայն պետք է իմանալ, որ ոչ մի նորմալ կազմակերպություն բանկային տվյալներ չի պահանջի ինչ–որ շահումի համար», – պարզաբանեց Մարտիրոսյանը։

Նա ավելացրեց, որ այդ հաղորդագրությունների հեղինակները կա՛մ վճարում են տարբեր կայքերին նման գովազդ տեղադրելու համար և արդյունքում անփորձ օգտատերերից գումար կորզելու նպատակով, կա՛մ պարզապես կոտրում են այդ կայքերը և տեղադրում գովազդը։