ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը ներկայացվել է նոր ցանցի վերջնական նախագիծը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Քննարկմանը ներկա են եղել քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, Երևանի ավագանու անդամներ, հասարակական հատվածի ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև նոր ցանցի ներդրման միջոցառումները քննարկելու նպատակով ՀՀ փոխվարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամներ:
Կարևորելով մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը՝ քաղաքապետ Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ դրա ներդրման շնորհիվ Երևանը վերջապես կունենա քաղաքի բնակիչներին վայել փոխադրական համակարգ:
100 դրամանոց կյանք, կամ ճամփորդություն վառոդի վրա. գազաբալոնները փորձարկում չե՞ն անցնում
Եզրափակիչ հաշվետվություն են ներկայացրել Երևան այցելած բրիտանական WYG խորհրդատվական ընկերության պատվիրակության անդամները, որոնք մասնավորապես նշել են, որ հասարակական տրանսպորտի ժամանակակից միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային և տոմսային ճկուն համակարգ, տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև փոխադրամիջոցների քանակը. կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս:
Ավտոբուսների թվում ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում: Ավելի քան երեք անգամ կրճատվելու է նաև ցանցի երկարությունը: Սա չի նշանակում, թե նվազելու է ծածկույթը, պարզապես կպակասեն կրկնվող գծերը, որի շնորհիվ հնարավորություն կլինի ցանցի կիրառման և շահագործման ընթացքում լուրջ խնայողություններ անել, ինչը էապես կթեթևացնի սակագնային բեռը:
Հասարակական տրանսպորտը հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կարիքներին:
Հարցուպատասխանի միջոցով մասնակիցները ներկայացրել են նաև իրենց առաջարկներն ու դիտարկումները՝ նոր երթուղային ցանցի սպասարկման, ծրագրի ներդրման, նախատեսվող ավտոբուսների տեխնիկական հնարավորությունների, սակագնի հաշվարկման, էլեկտրատրանսպորտի զարգացման և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ:
Ինչպես խուսափել վթարների դեպքում հնարավոր զոհերից. Արսեն Թորոսյանն առաջարկներ ներկայացրեց
«Տրանսպորտը կարևոր ռազմավարական նշանակության տարր է մեզ համար, ուստ, այս պահին ավելի հակված ենք ծրագիրը 100%-ով իրականացնել համայնքային եւ պետական ուժերով և հետո հասկանալ, թե դրա որ մասը կարելի է պատվիրակել մասնավոր հատվածին»,- նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել WYG ընկերությանը համագործակցության և Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխման մասնագիտական խմբին՝ կատարած աշխատանքի համար:
Մարությանը հուսով է, որ ցանցը գործարկելու ժամկետը չի գերազանցի երկու տարին:
Կարգազանց վարորդները պետք է հեռացվեն երթևեկությունից. Փաշինյանը խոսեց վերջին վթարներից