ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Բանանց»- «Չուկարիչկի» պատասխան խաղում մեր հույսերը, մեղմ ասած, չարդարացան. այսօր կայացած խաղն ավարտվեց 0:5 հաշվով։
Անմիջապես հարց է ծագում, իսկ ի՞նչ հույսեր էինք փայփայում առաջին խաղում 0:3 պարտվելուց հետո: Երևի այն, որ «Բանանցը» պետք է ձգտեր գոնե սեփական հարկի տակ հաղթանակ տանել կամ գեղեցիկ խաղ ցուցադրեր:
Առաջին խաղակեսից հետո նման բանի մասին կարելի էր երազել: Սերբական թիմը մի քանի գլուխ բարձր էր «Բանանցից»: Հյուրերն ունեին խաղային լուրջ առավելություն, իսկ «Բանանցի» մոտ ընդմիջումներով նկատվում էր արդյունքի հասնելու ցանկությունը: Բայց այդ ցանկությունը մեր թիմը չկարողացավ ֆուտբոլային գործոնով ամրապնդել:
Չեմպիոնը մեկնարկեց հաղթանակով. Երևանում Պորտուգալիա—Իտալիա խաղը ավարտվեց 3։0 հաշվով
Խաղի երրորդ րոպեին, գնդակ ընդունելով սեփական դարպասը, «Բանանցը» այդպես էլ ուշքի չեկավ: Ընդ որում, ընդմիջումից անմիջապես հետո հյուրերը նորից խաղակեսի մեկնարկում հասան հաջողության, իսկ մինչ այդ էլ առաջին կեսում կարողացել էին կրկնապատկել իրենց առավելությունը: Այսինքն` խաղի ավարտից շատ առաջ ամեն ինչ պարզ էր՝ «Բանանցը» պարտվում էր 0:3 հաշվով 50-րդ րոպեին, և հետևաբար այս դիմակայությունում մեր թիմի շանսերը հավասար էին զրոյի:
Ինչպես ասում են ֆուտբոլում, «պարկը բացվել էր»: Մնացած ժամանակում անօգնական վիճակում հայտնված հայկական թիմը ևս երկու գնդակ ընդունեց սեփական դարպասն ու հրաժեշտ տվեց եվրոպական մրցասպարեզին:
Վաղը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելու է շվեդական ԱԻԿ-ին առաջին խաղում 2:1 հաղթելուց հետո: Իսկ Հուլիսի 18-ին Եվրոպայի լիգայի խաղարկությունում որակավորման առաջին փուլի պատասխան խաղերը կանցկացնեն «Ալաշկերտն» ու «Փյունիկը»: «Ալաշկերտը» առաջին խաղում 3:1 հաշվով հաղթել է «Մակեդոնիային», իսկ «Փյունիկը» 3:3 է ավարտել հանդիպումը «Շկուպիի» հետ:
Հաղթել չհաջողվեց. մինչև 19 տ.-ի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը պարտվեց Իսպանիային